Հասարակություն

Մեծ Մետաքսի ճանապարհը՝ հայ-չինական հարաբերությունների հիմնաքար


Վերջին տարիներին առավել զարգանում են հայ-չինական հարաբերությունները: Այստեղ թերեւս իր ազդեցությունն ունի ներկայիս փոփոխվող աշխարհաքաղաքական իրավիճակը, ինչպես նաև Հայաստանի աճող դերն ու նշանակությունն այդ համատեքստում: Այդ առումով հաճախ է խոսվում «Մեծ մետաքսի ճանապարհ»-ի վերականգնման մասին: «Մեծ մետաքսի ճանապարհը որպես Հայաստանի եւ Չինաստանի միջեւ առեւտրատնտեսական, մշակութային եւ կրթական կապերի հիմնաքար» խորագրով հերթական կլոր սեղան-քննարկումն է այսօր կազմակերպվել Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի չինագիտության կենտրոնում:

Մեծ մետաքսի ճանապարհի վերականգնումը եղել է չինական այն նախաձեռնություններից մեկը, որը հիմք է հանդիսացել հայ-չինական հարաբերությունների խորացման համար: Այս հայեցակարգում հաշվի է առնվել այն հանգամանքը, որ  Հայաստանը դարեր ի վեր եղել է առևտրի համար կարևոր տարանցիկ գոտի Արևմուտքի և Արևելքի միջև:

Մետաքսի ճանապարհի վերականգնման կարևորության մասին արտահայտվել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ակնկալվում է, որ այդ ճանապարհը տրանսպորտային նախագծերի և նորանոր ենթակառուցվածքների շինության լավ հիմք կարող է հանդիսանալ: ԵՊԼՀ-ի չինագիտության կոնտրոնում կազմակերպված այսօրվա քննարկման ժամանակ Չինաստանից ժամանած կրթական պատվիրակության եւ հայկական կողմի միջեւ քննարկումներում «Մետաքսի ճանապարհի» վերականգնման կարեւորության եւ հնարավոր օգուտների մասին խոսվեց հատկապես կրթական համագործակցության տեսանկյունից:

Կոնֆուցիուսի ինստիտուտի չինական կողմի ներկայացուցիչ Յան Ի Խուան ասաց, որ երեք տարի է, ինչ ապրում է Հայաստանում եւ նկատել է, որ հայերն ու չինացիներն ունեն մշակութային, քաղաքակրթական ընդհանրություններ, օրինակ՝ ընտանիքի նկատմամբ հարգանքը:

Այս եւ նման մի շարք այլ ընդհանրությունները, ըստ Յան Ի Խուանի, կարող են նպաստել առավել խորը համագործակցության, ինչին իր հերթին կարող է փոխադարձաբար նպաստել «Մեծ մետաքսի ճանապարհի» վերականգնումը, որի մասին խոսել ու կարեւորել են մեր երկրների նախագահները:

Այդ ճանապարհը միանշանակ դրական ազդեցություն ունի երկու աշխարհամասերի տնտեսությունների համար էլ, մանավանդ այսօր, երբ ընդհանրապես աշխարհի տնտեսական զարգացումներն արդեն տարիներ շարունակ վայրիվերումների են ենթարկվում՝ պայմանավորված բազմաթիվ գործոններով: Այս կարծիքը հայտնեց չինական պատվիրակության ղեկավար, Շանհայի համալսարանների ռեկտորների նախագահ Սուն Խի Ուան՝ շեշտելով, որ երկկողմ շփումների առավել ակտիվացմանը կնպաստի այն հանգամանքը, երբ հաջորդ տարի Հայաստանում կբացվի չինական դպրոցը: Ենթակառույցները եւս արգելքներ են եւ երբ դրանք կլինեն, ապա մարդիկ կկարողանան հաղթահարել բոլոր դժվարությունները եւ  անել այն, ինչ կցանկանան:

Կոնֆուցիուսի ինստիտուտի հայկական կողմի տնօրեն Գոռ Սարգսյանը հիշեցրեց, որ թեմայի շրջանակներում առավել լայն քննարկում տեղի էր ունեցել դեռեւս երկու տարի առաջ:

Դիտարկումները ցույց են տալիս, որ «Մեծ մետաքսի» ճանապարհի վերականգնում ցանկանում են թե՛ արեւելյան, եւ թե՛ արեւմտյան երկրները: Թեեւ այս անհրաժեշտության մասին վաղուց են խոսում, բայց այն դանդաղ տեմպերով է առաջ գնում: Այդ առումով, Գոռ Սարգսյանը կարծում է, որ հայկական կողմը պետք է ավելի ակտիվություն դրսեւորի, նախ՝ կրթական, մշակութային ոլորտներում:

Կոնֆուցիուսի ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրենը համոզված է, որ արդեն-իսկ կատարվում են լուրջ քայլեր «Մետաքսի ճանապարհի» հայեցակարգում ընդգրկվելու եւ տարածաշրջանում ավելի ակտիվ դերակատար լինելու համար:

Back to top button