ՀՀ առողջապահության նախարարի ուղերձը Հայ բժիշկների միջազգային 12-րդ համագումարի մասնակիցներին


ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի ուղերձը Հայ բժիշկների միջազգային 12-րդ համագումարի մասնակիցներին.
Ջերմորեն ողջունում եմ Հայ բժիշկների միջազգային 12-րդ համագումարի մասնակիցներին։
Շուրջ 40 տարի առաջ ստեղծված Հայ բժիշկների համաշխարհային կոմիտեն առ այսօր շարունակում է Հայաստանի ու Արցախի առողջապահական համակարգերի զարգացմանն ուղղված հայրենանվեր առաքելությունը։ Պատահական չէ, որ Հայաստանի Հանրապետության Նախագահն այն գնահատել է որպես աշխարհասփյուռ հայության մասնագիտական ներուժի արդյունավետ կիրառման ցայտուն օրինակներից մեկը։
Այսօր, երբ Հայաստանի առողջապահության համակարգը շրջադարձային բարեփոխումների ժամանակաշրջան է ապրում, մենք ձեզ հետ միասին կարող ենք համագործակցությունն առավել նպատակային ու արդյունավետ դարձնել։
Համագումարի կազմակերպիչների հետ մենք քննարկումներ ենք ունեցել` նախանշելով Հայաստանի և Արցախի առողջապահական համակարգերի զարգացմանը խթանող ուղղությունները։ Խոսքս ժամանակակից կլինիկական ուղեցույցների ու գործելակարգերի մշակման և ներդրման, հիվանդանոցների կառավարման, մասնագետների` առաջիկա ծրագրերից բխող վերապատրաստումների կամ միջուկային բժշկության զարգացման մասին է:
Ես մեծ ափսոսանք եմ ապրում, որ հնարավորություն չունեցա անձամբ մասնակցելու ներկայացուցչական այս համաժողովին։ Փոխնախարարը ձեզ հանգամանալից կներկայացնի Հայաստանի առողջապահական համակարգի արդի իրավիճակն ու զարգացմանն ուղղված մեր ծրագրերը։ Եվ հույս ունեմ, որ 12-րդ համագումարը ևս շրջադարձային կլինի` համագործակցության հեռանկարներ բացելով Հայաստանում իրականացվող բարեփոխիչ ծրագրերին գործուն աջակցություն կապահովվի։
Հարգելի բարեկամներ,
Իմ երախտագիտությունն եմ հայտնում համագումարի կազմակերպիչներին, բոլորիդ մաղթում ամուր առողջություն և բարձր տրամադրություն։
Լիահույս եմ, որ արգասաբեր ձեր աշխատանքը համատեղ նոր ծրագրերի հիմք կհանդիսանա։
Հարգանքով`
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյան