Հասարակություն

Հայաստանում բարեփոխումների գործընթացում պետք է ներգրավել համայն հայության ներուժը. վարչապետ

Հայաստանում բարեփոխումների գործընթացում պետք է ներգրավել համայն հայության ներուժը: Այս մասին այսօր՝ մայիսի 30-ին, Ռամկավար ազատական կուսակցության (ՌԱԿ) կենտրոնական վարչության ատենապետ Սերխիո Նահապետյանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Կառավարությունից հայտնում են, որ վարչապետը կարեւորել է ՌԱԿ գործունեությունը Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման եւ Սփյուռքում հայապահպանության գործում: Կարեն Կարապետյանը նշել է, որ կառավարությունը շահագրգռված է ներդրումների խթանման, բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ նախաձեռնած բարեփոխումներում համայն հայության ներուժի ներգրավմամբ, եւ ՀՀ վարչապետի՝ սփյուռքահայությանն ուղղված կոչն հենց այդ նպատակին էր ուղղված:

Սերխիո Նահապետյանը ՌԱԿ անունից պատրաստակամություն է հայտնել՝ աջակցելու ՀՀ կառավարության ծրագրերի ու բարեփոխումների կյանքի կոչմանը, ինչպես նաեւ համահայկական նշանակության խնդիրների լուծմանը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Սփյուռք համագործակցության, հայապահպանության, հայրենիքի հետ կապի ամրապնդման, Հայաստանի եւ Արցախի զարգացման հարցերի շուրջ։

Կարդացեք նաև

Back to top button