Արցախի հարցում պետք է հավատարիմ մնալ ՀԱՊԿ պաշտոնական դիրքորոշմանը. Շարմազանով


ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը, միջազգային տարբեր հարթակներում համագործակցությանը, երկու երկրների քաղաքական և տնտեսական կապերին առնչվող հարցեր:
Պարոն Շարմազանովը կարևորել է միջազգային հարթակներում համախմբված աշխատելը և միմյանց աջակցելը, այդ թվում ՀԱՊԿ ԽՎ-ում, ԵԱՀԿ ԽՎ-ում: ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ խորհրդարանական մեր պատվիրակությունը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում հանդես է գալիս հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորման օգտին, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցում: Այս համատեքստում Էդուարդ Շարմազանովը համոզմունք է հայտնել, որ ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանականներն այս հարցում պետք է հավատարիմ լինեն ՀԱՊԿ-ի պաշտոնական դիրքորոշմանը:
«Եթե մենք ուզում ենք լուծել խնդիրը, պետք է պատճառը հասկանանք, իսկ պատճառն այն է, որ Ադրբեջանը չի ճանաչում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը: Հակամարտության խաղաղ կարգավորման համար Արցախի ժողովուրդը պետք է ամբողջությամբ իրացնի ինքնորոշման իր իրավունքը»,-ասել է պարոն Շարմազանովը:
Դեսպանը նախ շնորհավորել է նորընտիր խորհրդարանին ԱԺ ընտրությունների անցկացման առթիվ և վստահեցրել, որ երկու բարեկամ երկրների խորհրդարանների համագործակցությունն այսուհետ ևս շարունակելու է զարգանալ վերընթաց հունով: Պարոն Նազարուկը ևս կարևորել է ԼՂ խնդրի խաղաղ կարգավորումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ Ազգային ժողովի և Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստն անցկացնել ամռանը՝ Մինսկում: