«Ավրորա»-ի շնորհիվ Հայաստանը դառնալու է մարդասիրական ամենախոշոր կենտրոններից մեկը. վարչապետ
«Ավրորա»-ի շնորհիվ Հայաստանը դառնալու է մարդասիրական ամենախոշոր կենտրոններից մեկը: Այս մասին, այսօր՝ մայիսի 28-ին, facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Այսօր տեղի կունենա տարվա կարեւորագույն իրադարձություններից մեկը՝ 2017թ. «Ավրորա»-ի մրցանակաբաշխությունը։
Պատահական չէ, որ այս տարի մրցանակի շնորհման արարողությունը տեղի է ունենում մայիսի 28-ին՝ Հայաստանի Առաջին Հանրապետության օրը: Դա խորհրդանշում է մեր ժողովրդի անցած ճանապարհը՝ այն, որ ցեղասպանության ենթարկված ժողովուրդն ընդամենը մի քանի տարի անց իր մեջ ուժ ու կամք գտավ ստեղծելու իր անկախ պետությունը:
Եվ այսօր՝ 100 տարի անց, ցեղասպանություն վերապրածների անունից փրկիչներին երախտագիտություն հայտնելը ու ուրիշներին օգնելն իսկապես չափազանց ոգեւորիչ է եւ ապացուցում է, որ մենք հաղթած ու հաջողության հասած ազգ ենք:
Վստահ եմ, որ այս նախաձեռնության ու այն իրականություն դարձնող մարդկանց շնորհիվ Հայաստանը դառնալու է մարդասիրական ամենախոշոր կենտրոններից մեկը»,-գրել է Կարեն Կարապետյանը: