Քաղաքական

ԱՄՆ կոնգրեսականները պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նախագահի նկատմամբ


Դոնալդ Թրամփի քաղաքականությունն արդյո՞ք վկայում է, որ նա պատրաստ է կտրուկ քայլերի գնալ՝ Թուրքիայի նախագահ Էրդողանին «սանձելու» համար: Երեկվանից ԱՄՆ Կոնգրեսից լուրջ պահանջներ են հնչում Էրդողանի եւ նրա շրջապատի հանդեպ պատժամիջոցներ կիրառելու համար: Պատճառը մայիսի 16-ին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան առջեւ խաղաղ ցուցարարների հանդեպ կազմակերպված հաշվեհարդարն էր, որի արդյունքում լուրջ վնասվածքներ է ստացել 11 ամերիկացի: Կոնգրեսը երեկ լսումներ է կազմակերպել, ունկնդրել դեպքի ականատեսներին եւ ընդունել համապատասխան փաստաթուղթ:

 

Ամերիկացի կոնգրեսականները վարչակազմից  պահանջում են լուրջ քայլեր եւ պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նախագահ Էրդողանի եւ նրա շրջապատի նկատմամբ: Միացյալ Նահանգների Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը միաձայն հաստատել է թիվ 354 փաստաթուղթը, որով դատապարտում է մայիսի 16-ի՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի թիկնազորի վայրագությունը՝ Վաշինգտոնի կենտրոնում: Բանաձեւը պահանջում է քրեական պատասխանատվության ենթարկել մեղավորներին: Քննարկումների ժամանակ կոնգրեսական Դեյն Ռոռաբահերը պահանջել է, որ Էրդողանին չհրավիրեն իրենց երկիր:

«Մենք չենք ցանկանում, որ նա այլեւս այցելի Միացյալ Նահանգներ եւ տարածի իսլամաֆաշիզմը այս երկրում»:

Կոնգրեսականները շատ սուր են ընդունում կատարվածը՝ համարելով, որ ոտնահարվել է ամերիկյան կարեւորագույն երկու սկզբունքը՝ մարդու իրավունքներն ու խոսքի ազատությունը: Արդեն երկրորդ անգամ է, որ Միացյալ Նահանգներում Էրդողանն իրեն այդպես է պահում: Դեպքերի ականատես Լյուսի Ուսոյանը մայիսի 16-ի դեպքերի արդյունքում ստացել էր ուղեղի ցնցում: Կոնգրեսում լսումների ժամանակ   պատմել է, թե ինչպես է զարմացել, որ իրեն ընկած վիճակում էլ շարունակում էին ծեծել, մի պահ գիտակցությունը կորցրել է, հետո՝ ուշքի եկել:

«2016-ի մարտին Էրդողանի նախորդ այցի ժամանակ կրկին բողոքի խաղաղ ցույցեր էին: Այն ժամանակ Էրդողանը որոշեց խորհուրդ տալ Ադրբեջանին Հայաստանի դեմ գրոհ կազմակերպել: Դրանից հետո բազմաթիվ հայ երիտասարդ զինվորներ, այդ թվում նաեւ իմ եղբայրը զոհվեցին»:

Սրանով Լյուսի Ուսոյանը Կոնգրեսում հիշեցրեց նաեւ Հայաստանի դեմ սանձազերծված ապրիլյան քառօրյա պատերազմը եւ իր եղբոր՝ Քյարամ Սլոյանի մահվան փաստը: Լսումների ընթացքում կոնգրեսական Սիսիլինին ընդգծել է, որ Էրդողանի հրամանով թուրքական անվտանգության ծառայությունների ներկայացուցիչները ԱՄՆ տարածքում խախտել են ամերիկյան ժողովրդի սահմանադրական իրավունքները, իսկ կոնգրեսական Բրեդ Շերմանը տեղի ունեցածը անվանել է ԱՄՆ-ի ինքնիշխանության դեմ հարձակում.

«Մենք պետք է ստանանք պաշտոնական ներողություն հենց Էրդողանից: Մենք պետք է պատժամիջոցներ կիրառենք Թուրքիայի կառավարության հանդեպ: Դա բարդ է լինելու քաղաքական տեսանկյունից, բայց դա անհրաժեշտ է անել»:

Արդյո՞ք այսօրվա Ամերիկայում իրատեսական է խոսել պահանջվող պատժամիջոցների կիրառման մասին՝ «Ռադիոլուրը» հարցն ուղղեց Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանին: Նա, ի դեպ, պատահական չի համարում, որ մայիսի 16-ին արված տեսաաուդիոձայնագրությունը ուսումնասիրվել է եւ պարզվել, որ Էրդողանը անձամբ է հաշվեհարդար տեսնելու հրահանգ տվել:

Միացյալ Նահանգներում Թուրքիայի դեսպանատան առջեւ հրահրված ծեծկռտուքի արդյունքում վնասվածքներ է ստացել առնվազն 11 ամերիկացի:  Միջազգային իրավունքի մասնագետ, Ջոնս Հոփքինսի համալսարանի դասախոս, նախկին դատախազ Ռութ Վիջվուդը հենց Կոնգրեսում խորհուրդ է տվել ուսումնասիրել, թե որտեղ է Էրդողանը պահում իր միջոցները, քանի որ եթե տուժածները քաղաքացիական հայցով դիմեն ամերիկյան դատարաններ եւ հաղթեն դատերը,  ապա հնարավոր կլինի այդ միջոցները սառեցնել՝ տուժածներին փոխհատուցում վճարելու նպատակով:

«Անհրաժեշտ են կտրուկ քայլեր՝  ի պատասխան Էրդողանի նման գործողությունների՝ տուրիզմի հոսքի կրճատում, այլ պատժամիջոցներ, չգիտեմ, դուք որոշեք: եթե սա անպատասխան անցնի, մյուս միապետերը նույնպես կարող են նման բան թույլ տալ»:

ԱՄՆ-ում ծավալված քննարկումներից եւ դժգոհություններից Էրդողանը, կարծես, առանձնապես անհանգստացած չէ: Մինչ խոսվել է նրա «սանձահարման» մասին, բայց մշտապես ականատես ենք եղել, թե ինչպես է նա մատ թափ տալիս այս ու այն կողմ:  Ամերիկյան իրադարձություններից հետո էլ հենց Թուրքիայում մեկնարկեց Էրդողանի թիկնապահներին հերոսացնելու գործընթացը: Լոզունգների փոխարեն նրանց հետ անհրաժեշտ է խոսել իրենց լեզվով՝ համոզված է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

Թուրքագետը դժվարանում է կանխատեսել, թե որքան հեռու կգնան ամերիկյան ժողովրդավարության դեմքը փրկելու քայլերը, բայց փաստում է մի ճշմարտություն՝ «համամարդկային արժեքները սովորաբար դառնում են ռեալ քաղաքականության զոհ»:

Back to top button