

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության շրջանակներում մայիսի 29-ին Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Ռուդոլֆ Խառատյանի «Լա Բոհեմ» բալետային ներկայացման պրեմիերան՝ նվիրված Շառլ Ազնավուրին, որին ներկա կլինի նաեւ ինքը՝ շանսոնիեն։
Մի կտոր Փարիզ՝ Երևանում։ Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կցուցադրվի աննախադեպ շոու բալետ՝ «Լա Բոհեմը»՝ նվիրված աշխարհահռչակ շանսոնիե Շարլ Ազնավուրին: Բալետի հիմքում երաժշտի կերպարն է, կյանքն ու ստեղծագործական ուղին: Ներկայացման հեղինակ, բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանն ասում է, որ այսպիսի ներկայացում վաղուց էր ուզում անել։ «Լա Բոհեմը» լինելու է մեկ գործողությամբ ներկայացում՝ կազմված Ազնավուրի 12 երգերից։ «Ռադիոլուրի» համար Ռուդոլֆ Խառատյանը բացում է մի քանի փակագծեր, պատմում մի քիչ սցենարից: Ներկայացման մեջ ինքնակենսագրական տարրեր են, թե ինչպես 18 տարեկանում եկավ Փարիզը գրավելու, հետո վերջանում է Բոհեմով՝ իր հիշողությամբ, երբ հիշում է, թե ինչպես էր Մոնմարտրում, երբ սոված էին, բայց երջանիկ, որովհետեւ երիտասարդ էին:
Ներկայացման մեջ ներգրավված են Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի 26 պարողները՝ կներկայացնեն նաեւ հիփ- հոփ, ակրոբատի, հեծանվորդի, զբոսաշրջիկներից կերպարներ:
«Մեր նպատակը հանդիսատեսին ոչ թե շոկի մեջ գցելն է, այլ ներգրավել երիտասարդներին թատրոն՝ ժամանակակից մոտեցմամբ։ Երիտասարդներին, որ վաղը մեր հանդիսատեսը պետք է դառնան»:
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանն ասում է, որ սա մի ներկայացում է, որով կարելի է ներկայանալ աշխարհին։
Այս ներկայացումը ոչ միայն Հայաստանի, այլ ողջ աշխարհի համար է, քանի որ Ազնավուրին սիրում են բոլորը: Այս ամենին էլ գումարվել է Ռուդոլֆ Խառատյանի տաղանդը: «Լա բոհեմը» լինելու է օպերային թատրոնի խաղացանկում: Ներկայացման պրեմիերան մայիսի 29-ին է։