Հասարակություն

Ներկայացնել սնանկացման գործընթացների առողջացման առաջարկություններ. Կարեն Կարապետյան


Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հարկային պարտավորությունների կատարման ապահովմանն ուղղված սնանկության վարույթների վերաբերյալ հանձնարարական է տվել:  Նրա խոսքով, իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ միայն 2016-2017 թվականներին տնտեսավարողների կողմից շուրջ 22 մլրդ դրամ հարկային պարտավորությունների չկատարման հետևանքով առկա է սնանկության ավելի քան 2100 վարույթ:

«Չնայած որոշ տնտեսավարողների պարագայում հնարավոր է կիրառել նաև սնանկության վարույթին այլընտրանքային միջոց: Ավելին՝ սնանկության կառավարիչների գործունեությունը և արդյունավետությունը բավարար չէ, իսկ սնանկության վարույթի տևողությունը երկար է: Ստեղծված իրավիճակը պայմանավորված է թե վարչարարության կազմակերպման, թե օրենսդրության, թե սնանկության բնութագրիչների բացահայտման և այլ խնդիրներով: Խնդրահարույց է նաև այն, որ այդ ոլորտում հարկային պարտավորությունների մասով գույքի կամ դրամական միջոցների արգելադրումը կիրառվել է հայեցողաբար և ոչ համակարգված»,- ասել է վարչապետը:

Կարեն Կարապետյանը ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահին հանձնարարել է 2-ամսյա ժամկետում ուսումնասիրել և կառավարության աշխատակազմ ներկայացնել հարկային պարտավորությունների արտադատական կարգով վարչական բռնագանձման և ծանուցման ինստիտուտի, ինչպես նաև համաչափ արգելադրման համակարգված կիրառման վերաբերյալ առաջարկություն: Միաժամանակ ներկայացնել տնտեսավարողների սնանկության հատկանիշների ճշգրիտ գնահատման և դրանք բացահայտելու ՊԵԿ գործիքակազմ:

Առաջարկությունները ներկայացնելուն պես մեկամսյա ժամկետում կներկայացվի նաև առաջարկություն հարկային պարտավորությունների մարման ժամանակացույցի տրամադրման հայեցողական լիազորությունների սահմանափակման և կանխատեսելիության բարձրացման վերաբերյալ:

Միաժամանակ, վարչապետը  ՀՀ արդարադատության նախարարի պարտականությունները ժամանակավորապես կատարող Արթուր Հովհաննիսյանին հանձնարարել է 2-ամսյա ժամկետում ուսումնասիրել և կառավարության աշխատակազմ ներկայացնել սնանկության մասին օրենքում փոփոխությունների վերաբերյալ առաջարկություններ՝ անդրադարձ կատարելով սնանկության վարույթում առողջացման ծրագրերի գերակայությանը, սնանկության կառավարիչների պատասխանատվության խստացման, ֆինանսական վիճակի վերաբերյալ վերլուծություն չկատարելու հետևանքների և այլ առաջնահերթ հիմնախնդիրներին:

Կառավարության ղեկավարի հանձնարարութամբ պետք է ուսումնասիրվի  նաև դատական ակտերի հարկադիր ծառայության կողմից հարկադիր վարույթի տևողության և այլ գործնական, օրենսդրական խոչընդոտները և դրանք վերացնելու ուղղությամբ ներկայացվեն առաջարկություններ կառավարության աշխատակազմ:

Կարեն Կարապետյանի խոսքով՝ սա չափազանց կարևոր աշխատանք է:

 

Back to top button