Երեւանի ավագանու անդամն ամսական 55 հազար դրամ փոխհատուցում է ստանում


Նոր ավագանու յուրահատկություններից մեկն այն է, որ այն ընտրվել է ավելի երկար ժամկետով: Եթե օրենքը նախկինում նախատեսում էր 4 տարի ժամկետ, ապա այսուհետ Երեւանի ավագանին եւ քաղաքապետը աշխատելու են 5 տարի ժամկետով: Դեռեւս նախընտրական շրջանից ակնհայտ երեւաց մեկ այլ առանձնահատկություն՝ Երեւանի քաղաքապետարանում «Ելքի» ու «Երկիր Ծիրանիի» հակամարտությունն ավելի ուժեղ է, քան դժգոհությունը Հանրապետականից: Այսօր, ի դեպ, «Երկիր Ծիրանի» կուսակցությունը դիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով: Ի՞նչ կարող է դա փոխել աշխատանքային ժամկետներում. «Ռադիոլուրի» այս ուսումնասիրությունը հանգեցրեց մի ուշագրավ թվաբանության:
Նավակ խնդրողները, իհարկե, քիչ են: Երեւանցիների հիմնական պահանջը պատկան մարմնից պատշաճ աշխատանքն է:
Նոր քաղաքապետ Երեւանը կունենա հավանաբար հունիսի 9-ին: Այդ օրն է նշանակված նորընտիր ավագանու անդրանիկ նիստը: Հենց այդ օրը փակ գաղտնի քվեարկությամբ ավագանու 65 անդամները կընտրեն քաղաքապետ: Ըստ մանդատների հաշվարկի՝ որեւէ անսպասելի զարգացում չի նախատեսվում: Հանրապետական Տարոն Մարգարյանը կրկին կդառնա քաղաքապետ, քանի որ 65 հոգանոց ավագանու 46 անդամը հանրապետական են:
3-րդ գումարման ավագանու ինտրիգը դեռեւս շարունակում է մնալ 5 հոգանոց «Երկիր Ծիրանի» խմբակցության մասնակցությունն աշխատանքներին: Արդյո՞ք վերցնում են մանդատները եւ գնալու՞ են անդրանիկ նիստին՝ հարցը «Ռադիոլուրն» ուղղեց կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին: Հստակ պատասխան հստակ ձեւակերպված հարցին այդպես էլ չստացանք: «Դասալիք չեն լինի»,- համենայնդեպս վստահեցրեց Զարուհի Փոստանջյանը:
«Ելքը» որոշ հարցեր բողոքարկում է, բայց օրինակ երեկ այդ խմբակցության երեք ներկայացուցիչ արդեն այցելել է Երեւանի քաղաքապետարան՝ ապագա աշխատավայրին ծանոթանալու համար: Հատկապես ինչ էր հետաքրքրում այդ շենքում «Ելքի» ներկայացուցիչներին, պարզաբանում է նորընտիր ավագանու անդամ Հարություն Բաբայանը:
Ի դեպ՝ պարզվում է, այնքան էլ ճիշտ չէ պնդումը, թե ավագանու անդամներն աշխատում են հասարակական հիմունքներով: Այս կառույցում, իհարկե, «աշխատավարձ» ձեւակերպում չկա, բայց դրան կարող է փոխարինել «փոխհատուցում» ձեւակերպումը: Ի՞նչ է սա նշանակում, այս նրբություններին նույնպես հենց առաջին իսկ այցելության ժամանակ ծանոթացել են «Ելքի» անդամները:
Այսպիսով՝ ստացվում է հետաքրքիր մի թվաբանություն: Եթե ավագանու յուրաքանչյուր անդամ ամսական ստանա 55 հազար դրամի փոխհատուցում, ապա ընդհանուր ծախսը միայն այդ «փոխհատուցումների»համար կկազմի 3 միլիոն 575 հազար դրամ:
Անլուծելի խնդիրների շրջապտույտում, գումարն անշուշտ տպավորիչ է: Ինչեւէ, երկրորդ գումարման ավագանու վերջին նիստը հստակ նշանակված է մայիսի 30-ին՝ օրակարգային 22 հարցով:
Դա կլինի նաեւ հրաժեշտի աշխատանք, քանի որ հաջորդ նիստին, հավանաբար հունիսի 9-ին, արդեն կհավաքվեն նորըտիր ավագանու անդամները: