Կոռուպցիայի դեմ պայքար՝ արվեստի լեզվով
Կոռուպցիայի դեմ պայքար Եվրամիությունն էլ որոշել է իրականացնել արվեստի լեզվով: Ծաղրանկարներ, նկարներ ու պաստառներ միառժամանակ հետո կհայտվեն չարիքի դեմ պայքարի համար թիրախ ընտրված մի շարք հաստատություներում: Ճարտարապետ Սամվել Սաղաթելյանն է համակարգելու այդ աշխատանքները:
«Իմփաքթ Հաբն» ընկերությունը Եվրոպական միության ֆինանսավորմամբ որոշել է կոռուպցիայի դեմ պայքարել արվեստի լեզվով: Եվ այդ գաղափարի եւ իր շուրջ համախմբել է արվեստագետների, ովքեր իրենց գաղափարներով պետք է պայքարեն այդ արատավոր երևույթի դեմ: Ճարտարապետ Սամվել Սաղաթելյանը, որը ծրագրի համակարգողներից է, ասում է՝ արվեստը ունի հիմնարար դեր` մարդու զարգացման ու գիտակցության վերափոխման մեջ: Ասում է, որ արդեն ուրվագծել է, թե ինչպես է պայքարելու՝ նկարների ու ծաղրանկարների միջոցով:«Իմփաքթ Հաբն» ընկերության տնօրեն Սառա Անջարգոլյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշում է, որ այս ծրագրի ընթացքում կիրառվում են ստեղծագործական և մշակութային մեթոդներ՝ կրթելու ու բարձրացնելու մարդկանց իրազեկվածությունը, այն է թե ինչպես պետք է պայքարել կոոռուպցիայի դեմ: Հետևաբար՝ այն անձիք, ովքեր ունեն ստեղծագործական միտք, նորարական գաղափարներ կարող են դիմել այս ծրագրին: Իսկ նրանց ծրագրերը հաստատվելուց հետո արդեն բուկլետների ու պաստառների տեսքով կտրամադրվեն թիրախային խմբերին: Հայտերն ընդունվում են մինչև հունիսի 15-ը:
Թե ինչպես կպսակվի այս պայքարը, արդյո՞ք կհաջողվի կոռուպցիայի դեմ պայքարել արվեստի լեզվով՝ առայժմ անիրատեսական է թվում։ Թեեւ ծրագրի իրականացման համար տրամադրվող 40 հազար դոլարը արդեն իրական գումար է։ Գումար, որը, ծրագրի ներկայացուցչի խոսքով, շատ փոքր է։