Հասարակություն

Աննվաճ Արցախ. ռուսական վավերագրական ֆիլմ՝ ապրիլյան պատերազմի մասին


Նիժնի Նովգորոդի հայկական համայնքի «Ազգի հպարտություն» նախագծի շրջանակներում օրերս կազմակերպվել է ռուսաստանցի լրագրող Վիկտոր Կոնոպլյեւվի «Աննվաճ Արցախ» ֆիլմի ցուցադրություն-քննարկումը: Ֆիլմում ռուսաստանցի լրագրող-հեղինակը ռուսախոս հանդիսատեսին պատմում է անցած տարվա ապրիլյան պատերազմի մասին: Պատերազմ, որը հարյուրավոր հայորդիների կյանք խլեց, սակայն, տվեց հայ զինվորի ուժի նկատմամբ անկոտրում հավատ:

 

Անցյալ տարվա պրիլյան ագրեսիայով Ադրբեջանն ակնհայտորեն շատ բան ցույց տվեց: Ապրիլը դարձավ եւս մեկ անգամ մեր իրական բարեկամներին ու թշնամիներին զատելու ջրբաժան: Այդ դժվար օրերին աշխարհի տարբեր անկյուններից հազարավոր մարդիկ կանգնեցին մեր կողքին՝ հումանիտար օգնություններով, ֆինանսական միջոցներով, իսկ շատերն էլ՝ առաջնագիծ շտապելով:

Ապրիլյան իրադարձություններից անմիջապես հետո եկավ նաեւ ռուս լրագրող Վիկտոր Կոնոպլյովը եւ տաք հետքերով նկարահանումներ կատարեց, ռեպորտաժներ պատրաստեց՝ այդ օրերի մասին հավաքելով բավականին փաստեր ու նյութեր, որոնք էլ հիմք են դարձել նրա հեղինակած «Աննվաճ Արցախ» ֆիլմի համար:

«Ռադիոլուր»-ին տված հարցազրույցում ֆիլմի հեղինակ, ռուսաստանցի լրագրող Վիկտոր Կոնոպլյովն ասաց, որ ի սկզբանե ինքը նման ֆիլմ ստեղծելու գաղափար չի ունեցել:

«Ես մտածեցի, որ կայցելեմ առաջնագիծ, հոսպիտալներ եւ կարձանագրեմ իմ հոդվածներում: Բայց իմ արցախցի ընկերներն ունեին տեսախցիկ եւ մենք որոշեցինք այդ ամենը նկարահանել: Նրանք օգնեցին ինձ նաեւ թույլտվություն ստանալ՝ այցելելու այն վայրեր, որտեղ սովորական քաղաքացիները չէին կարող գնալ»:

Մի քանի օր ստեղծագործական խումբը շրջել եւ նկարահանել է՝ ասում է ֆիլմի հեղինակը՝ շեշտելով, որ նկարահանող օպերատորն ընդամենը 16-ամյա մի տղա էր, որը արհեստավարժ եւ փայլուն կերպով կատարում է իր առջեւ դրված խնդիրը: Նրա օգնությամբ շատ նկարահանումներ են կատարում Թալիշում, Մատաղիսում, Մարտակերտում, Մարտունիում, առանձին թեմաներ նկարահանել են նաեւ հոսպիտալներում եւ փախստականների շրջանում:

«Այդ նյութերը մենք օպերատիվորեն տեղադրում էինք համացանցում: Հետագայում որոշեցինք հավաքել եւ ստեղծել ամբողջական ֆիլմ՝ «Աննվաճ Արցախ» վերնագրով: Ինչո՞ւ աննվաճ, որովհետեւ ինձ համար, Արցախն,  իսկապես, բուն հայկական հող է, որտեղ ապրում են ոչ մեծաթիվ մարդիկ, ինչպես Ադրբեջանում, որոնք, սակայն, կարողացան ազատագրել հայրենի հողն ու հաղթել»:

Վիկտոր Կոնոպլյովի խոսքով՝ տեղեկություններն այն մասին, թե, այնուամենայնիվ, ինչ է տեղի ունենում Արցախում շատ քիչ էր: Ինչպես ռուսական, այնպես էլ արեւմտյան զլմ-ները ոչ բավականաչափ լավ եւ ոչ լիարժեք էին լուսաբանում այդ իրադարձությունները: Նաեւ ՀՀ արտգործնախարարությունը չէր շտապում պարզաբանել իրավիճակը, տեղեկությունները շատ շլատ էին:

«Ինձ շատ էին զանգահարում եւ հարցնում, թե ինչ է տեղի ունենում Արցախում: Հենց այդպիսիների համար է պատրաստվել այս ֆիլմը: Ես կասեի՝ ռուսախոս հանդիսատեսի համար, ովքեր չեն տիրապետում ամբողջական տեղեկություններին»:

Ֆիլմի հեղինակի խոսքով՝ իր համար անչափ կարեւոր էր, որ ամբողջ աշխարհին հասցներ ճշմարիտ տեղեկություններ այն մասին, ինչ տեղի էր ունենում Արցախում եւ ամենագլխավորը՝ ցույց տալ բոլորին.

«Հանրապետությունն աննվաճ է եւ բարգավաճում է»:

Վիկտոր Կոնոպլյովն ասաց, որ Արցախում գտնվելիս եւ բազմաթիվ նյութեր նկարահանելիս, ինքն այդպես էլ  չի հասցրել մինչեւ վերջ ընկալել ու հասկանալ տեսածն ու լսածը, իսկ ահա արդեն ֆիլմի ստեղծման եւ մոնտաժելու ընթացքում ինքն այդ ամենը վերապրել ու վերզգացել է կրկին:

«Սիրտդ  ճմլվում է, երբ տեսնում ես Թալիշի ռմբակոծված  մանկապարտեզը. ավերված պատի վրա տեսնում ես երեխաների նկարները, որոնք այդ մանկապարտեզի սաներն են եղել — դեսուդեն նետված խաղալիքներ, ջարդուփշուր եղած սպասք եւ այդ ամենն այնքան ծանր է, որ ակամայից փշաքաղվում-արտասվում ես: Այդ օրերին մեր մեջ կուտակվածը կարծես դուրս թափվեց: Այդ սարսափելին, որ կատարվել է այդ օրերին , չպետք է կրկնվի»:

Վիկտոր Կոնոպլյովը ինքը, դեմ լինելով Մադրիդյան սկզբունքներին, դիվանագետներին, քաղաքական գործիչներին խորհուրդ է տալիս ընդհանրապես մոռանալ որեւէ տարածքի հանձնման մասին եւ մտածել ու աշխատել աշխարհին Արցախի հիմնախնդրն առավել լավ իրազեկելու ուղղությամբ:

Նկարը՝ Վիկտոր Կոնոպլյովի ՖԲ էջից

Back to top button