

Ստամբուլում մայիսի 22-ին տեղի ունեցավ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) հիմնադրման 25-ամյակին նվիրված հոբելյանական գագաթնաժողովը, որին նախորդեցին ՍԾՏՀ Արտգործնախարարների խորհրդի հատուկ նիստն ու կազմակերպության Ավագ պաշտոնյաների կոմիտեի արտահերթ նիստը: Գագաթաժողովը բացեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Մասնակցում էին Հունաստանի, Մոլդովայի նախագահները, Ռուսաստանի վարչապետը, մի շարք երկների փոխվարչապետեր, ԱԳ նախարարներ և փոխնախարարներ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Գագաթաժողովին և ԱԳ նախարարների հանդիպմանը ՀՀ պատվիրակությունը ղեկավարում էր և ելույթներով հանդես եկավ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը:
Գագաթաժողովին իր ելույթում ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձավ անցած 25 տարիների ընթացքում կազմակերպության շրջանակներում իրականացված աշխատանքին՝ կարևորելով կազմակերպության տնտեսական բաղադրիչի զարգացման ու ամրապնդման անհրաժեշտությունը: Նա ընդգծեց, որ տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը, բազմակողմ և երկկողմ ձևաչափերով մշակված տնտեսական նախագծերը չեն կա րող լիարժեք իրականացվել փակ սահմանների առկայության դեպքում, իսկ տարածաշրջանային տնտեսական նախագծերը պետք է ներառեն բոլոր անդամ պետություններին՝ բացառելով որևէ խտրականություն:
Անդրադառնալով գագաթաժողովին Ադրբեջանի ԱԺ նախագահ Օքթայ Ասադովի ելույթում Հայաստանին հասցեագրված մեղադրանքներին՝ Աշոտ Հովակիմյանը նշեց, որ Ադրբեջանի ներկայացուցիչը կրկին փորձ կատարեց օգտագործել ՍԾՏՀ ամբիոնը` ներկայացնելու ԼՂ հակամարտության աղավաղված պատկերը: «Մենք համոզված ենք, որ այս գագաթաժողովը այն տեղը չէ, իսկ ՍԾՏՀ-ն այն ձևաչափը չէ, որտեղ պետք է քննարկվի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Անելով սա՝ ադրբեջանական կողմը ցուցադրեց իր անհարգալից վերաբերմունքը ՍԾՏՀ Կանոնադրության, կազմակերպության սկզբունքների և նպատակների և այս գագաթաժողովի նկատմամբ»,- նշեց Հովակիմյանը:
Գագաթաժողովն ընդունեց ՍԾՏՀ հոբելյանական հռչակագիրը, որտեղ մեկ անգամ ևս վերահաստատվեց կազմակերպության տնտեսական բնույթը:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի ելույթից հետո նախագահողը` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, համաձայնվելով, որ ՍԾՏՀ-ն ԼՂ-ի հիմնահարցի քննարկման հարթակ չէ, նշեց, որ այս խնդրով զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունները, որոնց ներկայացուցիչներից մեկը` ՌԴ-ն, գտնվում է դահլիճում: Էրդողանը հույս հայտնեց, որ Մինսկի խմբի համախագահող երկրները մոտ ժամանակներում կգտնեն 20 տարուց ավել տևող այս խնդրի լուծումը: