Նախատեսվում է Թրամփի և հայ եկեղեցու ներկայացուցիչների հանդիպումը Երուսաղեմում


Երկուշաբթի օրը Իսրայելում գտնվող ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կայցելի Երուսաղեմի Սուրբ հարության տաճար: Գրում է Jerusalem post-ը: Եկեղեցու աղբյուրի փոխանցմամբ՝ կաթոլիկ, հայկական և հույն ուղղափառ եկեղեցիների ներկայացուցիչները կհանդիպեն Թրամփի հետ: Պարզ չէ՝ արդյոք Թրամփը կայցելի Հիսուսի ծննդավայրում կառուցված Սուրբ ծննդյան տաճար: Իսրայելի նախագահի հետ հանդիպումից հետո Թրամփը կայցելի Սուրբ Հարության տաճար:
ԱՄՆ նախագահներն այնքան էլ հաճախ չեն այցելում այդ տաճարը. նման այց է կատարել միայն Բիլ Քլինթոնը 2005 թվականին: Քանի որ Երուսաղեմում այսօր քաղաքական և կրոնական իմաստով շատ լարված իրադրություն է, Իսրայելի դիվանագետները նախազգուշացրել են. «Սովորաբար, երբ նախագահը ցանկանում է այցելել Տիրոջ գերեզման, դիվանագետները չեն խրախուսումն նման այցը»,-ասել է եկեղեցու աղբյուրը:
Եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, ըստ աղբյուրի, Թրամփին կուղեկցեն եկեղեցու բակ, որտեղ նախատեսված է հանդիպում եկեղեցու ներկայացուցիչների հետ, որոնց թվում է, ըստ ամենայնի, Երուսաղեմի Հայոց պատրիարք Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը, Սուրբ հողում Վատիկանի ներկայացուցչության կուստոդ Ֆրանչեսկո Պատոնը, հույն ուղղափառ պատրիարք Թեոֆիլ III-ը:
Թրամփը շրջայց կկատարի Սուրբ հարության եկեղեցում: Ըստ եկեղեցական աղբյուրի՝ ներկա կլինեն 3՝ կաթոլիկ, ուղղափառ և հայկական եկեղեցիների երգչախմբերը: