

Երևանի հին շենքերի, դրանց հեղինակների ու բնակիչների մասին պատմող հաղորդաշարը հրաժեշտ է տալիս հեռուստադիտողին: «Անծանոթ Երևանը» հաղորդաշարի հեղինակ Մարկ Գրիգորյանն իր ոչ պատահական հյուրերին երեկ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում էր համախմբել՝ ասելու, որ որոշել է ավարտել ճիշտ ժամանակին: Ավելի քան երկու տարի «Անծանոթ Երևանը» հաղորդաշարի շուրջ 70 թողարկումներում նա բացահայտել է մեր մայրաքաղաքի անծանոթ անկյունները՝ հենց այդպես խոստովանելով իր սերը մեր հին ու բարի մայրաքաղաքին: Երեկ ամփոփելու ժամանակն էր:
300 հյուր, 300 երևանցի Մարկ Գրիգորյանի հեղինակային «Անծանոթ Երևանը» հաղորդաշարի ավելի քան 70 թողարկումներում պատմեցին, թե ինչպես են ապրել այս քաղաքում, պատմեցին հին Երևանի ու երևանցիների մասին` յուրաքանչյուր հաղորդման մեջ բացահայտելով մեր մայրաքաղաքի գողտրիկ մի անկյուն, շենք՝ իր առեղծվածային ու շատերին անծանոթ պատմություններով: Ավելի քան երկու տարի անծանոթ Երևանի մասին պատմող հաղորդումը հրաժեշտ է տալիս հեռուստադիտողին: Այդպես որոշել է հաղորդաշարի հեղինակը:
Յոթանասուն հաղորդումների ընթացքում կուտակված հսկայածավալ նյութը կարող է դառնալ 20-իր դարի Երևանի պատմությունը ներկայացնող հետաքրքիր մի գիրք, բայց սա անհանգիստ լրագրողի՝ Մարկ Գրիգորյանի ապագայի պլաններում է: Երեկ իր հաղորդաշարի հերոսների՝ հին երևանցիների հետ միասին, նա ամփոփում ու հրաժեշտ էր տալիս «Անծանոթ Երևանին»:
Հաղորդաշարի շրջանակում մաեստրո Երվանդ Երզնկայնը ևս առիթ ու հնարավորություն է ունեցել խոստովանելու իր սերը Երևանին, քաղաք, որն ըստ նրա որքան հին, նույնքան էլ երիտասարդ է, որովհետև մարդիկ, ովքեր մարմնավորում են Հին Երևանի պատկերն ու դիմագիծը, այսօր մեր կողքին են, ապրում ու արարում են մեր հին ու նոր մայրաքաղաքում:
Եվս մեկ հին երևանցի՝ ռեժիսոր Հրանտ Վարդանյան: «Անծանոթ Երևանը» հաղորդաշարին հրաժեշտ է տալիս ափսոսանքի զգացումով:
Քանդակագործ, նկարիչ-դիզայներ Արման Դավթյան, նույն ինքը՝ Նուռը: Համոզված է՝ Երևանի հանդեպ իր սերը, որը խոստովանել է նաև հաղորդաշարի ընթացքում, փոխադարձ է:
«Մարկոսը և աշխատել գիտի, և իր աշխատանքը ամփոփել գիտի». Մաեստրո Տիգրան Մանսուրյանը հյուրերից, թերևս, միակն էր, որը շնորհավորեց «Անծանոթ Երևանը» հաղորդաշարի հեղինակին՝ ոչ թե հաղորդաշարի ավարտի, այլ արժանապատվորեն այն ամփոփելու առիթով, վստահ, որ իր հետագա նախաձեռնություններում ևս Մարկ Գրիգորյանը նույնքան հետաքրքիր ու արհեստավարժ է լինելու: Ինչ վերաբերում է Երևանին, մաեստրոն այն կարոտում է, կարոտում է ի՛ր Երևանին:
Համեցեք, թութ ուտենք. Մաեստրո Մանսուրյանի սիրո ու երազանքի Երևանը: Մեկ ուրիշ հայտնի ու սիրված երևացու խոսքերով՝ Երևանը տուն ու շենք չէ, Երևանը մենք ենք, Երևանն անկեղծ սիրելը չգրված օրենք է: