Արտագնա աշխատանքի են մեկնում ընտանիքով


Արտագնա աշխատանքը կարող է դառնալ արտագաղթի պատճառ: Լոռու մարզի Շահումյան գյուղը ամենամեծ համայնքներից է, որտեղ բնակչության մեծ մասը մեկնում է խոպան նույնիսկ ընտանիքով: Արդեն 3-րդ տարին է, ինչ ամուսնու և որդիների հետ Ռուսաստանում է աշխատում նաև Թամարան: Աշխատանքը սեզոնային է: Գյուղ են վերադառնում կրտսեր որդու հետ նոր ուսումնական տարվա շեմին: Տղան այս տարի ավարտելու է հիմնական դպրոցը, միջնակարգ կրթությունը ստանալու է Ռուսաստանում:
Անձրևից հետո Լոռվա անտառները լի են բազմատեսակ սնկերով: Մշտական զբաղմունք չունեցող գյուղացիների համար բնությունը հոգացել է նրանց օրվա հացը վաստակելու մասին: Անտառն ամեն ինչ տալիս է, ուղղակի պետք է այդ ամենից ճիշտ օգտվել, որպեսզի չվնասվի ոչ մարդու առողջությունը, ոչ էլ՝ տուժի բնությունը: Լոռիում տարվա մեծ մասը խոնավ է, անտառում սունկն էլ չի պակասում: Գյուղացիները լավ են տարբերում ուտելի սունկը՝ թունավորից: Հավաքում են, տարբեր ուտեստներ պատրաստում, պահածոյացնում: <<Մենք գիտենք թե որ ծառի վրա ինչ սունկ է աճում, եղևնու տակ՝ ինչ: Հացվաքում բերում ենք տուն, ստուգում, սնկով եռացող ջրի մեջ կամ կարտոշկա ենք գցում, կապ այլումինի գդալ, եթե կանաչավուն է դառնում , ուրեմն սունկը ուտելի չէ: Ես սունկը պահածոյացնում եմ, իմ երեխաներն էլ են ուտում>>, ասում է բազմազավակ Հերմինեն:
Պատվեր ունենալու դեպքում էլ վաճառում են, սունկը շատ չեն բերում: Հերմինեն ասում է, որ ամենաշատը 10 կգ է հավաքում, եթե մեծ սնկեր են լինում: Շահումյանը Լոռու մարզի ամենամեծ գյուղերից է, որտեղ շատ են բազմահարկ շենքերը: Գյուղացիների սեփականաշնորհված հողերը սարերում գտնվող խոտհարքերն են, որոնցից հրաժարվել են՝ հեռագնա լինելու պատճառով: Տեղացիները մեծամասամբ մեկնում են արտագնա աշխատանքի, գնում են նույնիսկ ընտանիքներով: Անձրևոտ եղանակին Թամարա Քոսյանը վառարանի կրակն էր թեժացնում, որդին անտառում էր մնացել, աչքը դրսից չկտրելով ասաց՝ Արսենը քոլ հավաքելու է գնացել:
Ընտանիքի անդամները հիմա Ռուսաստանում են, գյուղում մնացել են ինքն ու 15-ամյա կրտսեր որդին: Ամուսինն ու 2 որդին Անապա քաղաքում հյուրանոց են կառուցում, վարձատրությունից չեն դժգոհում: Նրանք գյուղում մեկ ամսով են լինում, միասին տարեմուտ են նշում,ու նորից գնում աշխատելու: Ամառային արձակուրդներին իրենք էլ են գնալու, տան դուռը կողպելու են:
<<Ամառները ես էլ եմ գնում, աշխատում, գալիս: Դե էրեխեն, որ փոքրա, դպրոցականա, գնում ենք աշխատում, գալիս: Ես արդեն մի քանի տարի հյուրանոցում եմ աշխատում, մաքրում եմ, հավաքում, օրը 1000 ռուբլի եմ ստանում, որ ստեղ չես էլ ստանա, չեն էլ տա>>: Թամարայի հետ զրուցի ընթացքում նա երբեմն-երբեմն վառարանի կրակն էր խառնում ու հայացք գցում պատուհանից, որդին վերջապես եկավ, սինդրիկ ու փափուկ էր բերել: <<Կապելու եմ, տամ հարևանին, տանի քաղաք ծախի: Սինդրիկի մի կապը 50 դրամա, էժանացելա: Իմ ձեռի ծախսի համար եմ արել>>:
Տղան նորից շտապեց հարևանի տուն, որպեսզի քոլերը հասցնի կապել, իսկ առավոտյան քաղաքում վաճառել: Արսենը ավարտական դասարանում է սովորում, որոշել է միջնակարգ կրթությունը Ռուսաստանում ստանալ: Գյուղում պահողը փոքր որդին էր, եթե նա էլ այնտեղ սովորի հավանաբար Շահումյան գյուղից մեկ ընտանիք ևս կպակասի: Շահումյանը վերաբնակեցված է Բաքվից, Սումգայիթից, Շամքորից, Գանձակից, Մարտակերտից և Արծվաշենից բռնագաղթած հայերով: Նրանց ընտանիքների երիտասարդները հեռացել են գյուղից, ծերերն են մնացել: Թամարան մատնանշելով դիմացի հարևանին, որոնք ծերունի ամուսիններ են ասաց, որ շատ աշխատող ժողովուրդ են, մի փոքր հողամաս ունեն, ամբողջ օրը հողի հետ են:
Գյուղից քիչ-քիչ երիտասարդները հեռանում են, բնակչությունը՝ պակասում: Հաճախակի տեղացող անձրևները հաճախ են սելավների պատճառ դառնում, ինչն էլ մեծացնում է սողանքների վտանգը: Սելավները տան հիմքերն են թուլացնում, սողանքները՝ քանդում: