Քաղաքական

Ով, ինչու է եկել խորհրդարան


Նորընտիր պատգամավորները աշխատանքային երկրորդ օրը դեռ փորձում են ադապտացվել նոր միջավայրին եւ աշխատանքային նոր ձեւին: Երեկ բոլորով միասին պատգամավորական երդում տվեցին խորհրդարանի նիստերի դահլիճում: Իսկ դահլիճից դուրս տեղադրված է երդման տեքստը, որի տակ, ըստ ընդունված կարգի, պետք է ստորագրեն բոլոր պատգամավորները: Իրականում սակայն ստորագրել են ընդամենը մի քանի պատգամավոր: Միգուցե, պատճառն այն է, որ զուգահեռ միջանցքում այսօր առավոտվանից կրկին աշխույժ անցուդարձ էր՝ կրկին ընտրություններ էին՝ այս անգամ Աժ փոխնախագահների: Իսկ խորհրդարանի միջանցքներում, ինչպես հայտնի է, պատգամավորներին սպասում են հետաքրքրասեր լրագրողները:

 

 

ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանին չի նեղացրել փաստը, որ խորհրդարանի ղեկավար է ընտրվել իրենից նույնիսկ մեկ տարով մեծ գործընկերը: Արա Բաբլոյանին իրեն լավ փոխարինող է համարում, իսկ ինքն իրեն շարքային պատգամավոր չի զգում:

Գալուստ Սահակյանը փորձված աչք ունի, 18 տարի արդեն խորհրդարանում է եւ խոստովանում է, որ քաղաքականությունից դեռ չի հոգնել:

Այս խորհրդարանում քաղաքական գործիչների երիտասարդ սերնդից է, օրինակ, Դավիթ Մանուկյանը: Այսօր նրա երկրորդ օրն է ՀՀ ԱԺ-ում: Նա Ուկրաինայում ՀՀ դեսպան, նախկին պատգամավոր Անդրանիկ Մանուկյանի որդին է եւ «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանի փեսան: Արդյո՞ք հայաստանյան քաղաքականության մեջ սերնդափոխություն տեղի է ունենում բացառապես հայրեր-որդիներ սկզբունքով. հարցն ակնհայտ դուր չի գալիս նորընտիր պատգամավորին:

Բացառապես օրենքով երկիր կառուցելու համար խորհրդարանում է այսուհետ աշխատելու նաեւ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը: Նրան նույնպես զայրացնում են լրագրողների հարցերը ընտրությունների օրինականության եւ այլ դաշտերում օրինապաշտության հետ կապված:

Նորընտիր պատգամավորներից, սակայն, ոչ բոլորն են երեկ եւ այսօր ժամանել աշխատանքի: Բացակայողներից մեկը «Ծառուկյան» դաշինքից Իշխան Զաքարյանն է: Նախընտրական շրջանից առաջ նա հրաժարական ներկայացրեց ՎՊ նախագահի պաշտոնից՝ ընտրական շրջանում ընկերոջ կողքին լինելու հիմնավորմամբ, ընտրությունների ողջ ընթացքում գլխավորեց «Ծառուկյան» դաշինքի նախընտրական շտաբը: Խոսվում էր, թե ընտրություններից հետո հենց իրեն է բաժին հասնելու քվոտայով ընդդիմությանը տրամադրվելիք ԱԺ փոխնախագահի պաշտոնը: Այսօր, սակայն, այդ աթոռը զբաղեցրեց նույն խմբակցությունից մեկ այլ պատգամավոր՝ Միքայել Մելքումյանը: Իշխան Զաքարյանը դեռեւս աշխատանքի չի ներկայացել:

Միքայել Մելքումյանը որեւէ տեղեկություն չունի, թե Իշխան Զաքարյանը պատրաստվո՞ւմ է հրաժարվել պատգամավորական մանդատից: Այսօր, սակայն, «Ծառուկյան»  խմբակցության պատգամավորներից երեքը հրաժարվեցին մանդատներից: Նրանք այն «ըմբոստների» շարքից էին, ովքեր հրաժարվել էին ինքնաբացարկի դիմումից եւ վերցրել էին պատգամավորական մանդատները: Աժ փոխնախագահ Միքայել Մելքումյանի ներկայացմամբ՝ որեւէ ճնշում նրանց վրա չի եղել եւ «դետեկտիվ ժանրից որեւէ բան այս հարցում չկա»:

Back to top button