Իրանի ընտրություններն ու Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը
Հայկական հուշարձանները, դպրոցներն ու եկեղեցիները Իրանում լավ են պահպանվում, սակայն իրանցիները զգուշավոր են Հայոց ցեղասպանության հարցում, ասում են հայ իրանագետները: Ինչ փոփոխություններ են հնարավոր Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում մայիսի 19ին Իրանում սպասվող նախագահական ընտրություններից հետո:
Երկու օրից Իրանում նախագահական ընտրություններ են և հայ համայնքը պահանջագիր-առաջարկ է կազմել և ուղարկել թեկնածուներին՝ վեր հանելով Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու հարցը:
Իրանի Մեջլիսի հայ պատգամավոր Կարեն Խանլարյանը «Ռադիոլուրին» երեկ տեղեկացրել էր, որ առաջնահերթ է համարում Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանն ուղղված քայլերը, որը, նրա կարծիքով, ընտրված նախագահի օրակարգային հարցերից մեկը պետք է լինի: «Մենք ցանկանում ենք հայտարարություններից անցում կատարել պաշտոնական ճանաչման»,- ասում է իրանահայ պատգամավորը:
Որքանո՞վ է այսօր Իրանի քաղաքական օրակարգում հետաքրքրություն առաջացնում Հայոց ցեղասպանության հարցն ու ինչ ակնկալիքներ պետք է ունենա իրանահայ համայնքը։ Հարցի պարզաբանումը իրանագետ Արտյոմ Տոնոյանից.
«ԻԻՀ ունի իր արտաքին ու ներքաին քաղաքական օրակարգը և չեմ կարծում թե որևէ թեկնածուի ընտրվելու դեպքում օրակարգ մտնի Հայոց ցեղասպանության հարցը»:
Իրանագետ Գոհար Իսկանդարյանը չզլացավ պատմական ակնարկով մոտենալ հարցին: Նա հիշեցրեց, որ 1915 թվականին, երբ հայերը փախել են նաև Իրան, թուրքերը փորձել են մտնել այդ երկիր ու բնաջնջել հայերին։ Իրանական զորքերը կանգնել են թուրքերի առջև ու փակել ճանապարհը՝ փրկելով հայերին.
«Ահլիքիթաբի ժողովուրդ, չի կարելի ձեռք բարձրացնել Սուրբ Գիրք ունեցող ժողովրդի վրա ու դա Իրանը պահել էորպես իսկական Իսլամի հետևորդ, չի թողել, որ կոտորեն հայերին, սակայն այդքանով վերջ: Նրանք չեն ուզում հարաբերությունները փչացնել Թուրքիայի հետ: Այսինքն իր պետական շահն ավելի կարևոր է քան այլոց ցավը»:
Իրանահայերի թվաքանակը այդ երկրում նվազում է, մինչդեռ 2 հայ պատգամավորների թիվը պահպանվում են: Դա ևս Իրանի կողմից հայերի նկատմամբ դրական վերաբերմունքի արտահայտություն է՝ կարծում է Արտյոմ Տոնոյանը:
ԻԻՀ-ում հայերը մեծ հարգանք են վայելում, սակայն այդ երկիրն ունի իր քաղաքական առաջնահերթությունները, որտեղ Հայոց ցեղասպանության հարցն ընդգրկված չէ: Մյուս կողմից՝ պետք է հաշվի առնել, թե ինչպես կզարգանան թուրք-իրանական հարաբերությունները:
Գոհար Իսկանդարյանն այս հարցում մի դիտարկում արեց. «Երբ վատանմում են հարաբերությունները թուրքերի հետ, հայերին թույլատրվում է գնալ ու բողոքել Իրանում Թուրքիայի դեսպանատան առջև»։
Իսկ թուրք- իրանական հարաբերությունները լարվում են, երբ նախագահական աթոռին է հայտնվում պահպանողական հայացքներ ունեցող մարդ։ Առաջիկա ընտրություններում այդպիսին է պահպանողական թեկնածու Էբրահիմ Ռայիսին, գործող նախագահ, բարեփոխականներից Հասան Ռոուհանիի հիմնական մրցակիցը։
Հայ իրանագետները կարծում են, որ հաջողության հասնելու ավելի մեծ հավանականություն ունի հենց պահպանողական Ռայիսին, ինչն ուրախացնող է՝ հաշվի առնելով պահպանողականների ժամանակ հայ-իրանական հարաբերությունների հնարավոր ջերմացման միտումները:
Երկու օրից, թերևս, պարզ կլինի, թե հիմնական մրցակիցներից ով կհաղթի ընտրություններում, ինչից հետո էլ ավելի հստակ հնարավոր կլինի խոսել Հայաստանի հետ հարաբերությունների առավել ջերմացման հավանականության մասին: