

Գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Սեւակ Հովհաննիսյանը քիչ առաջ ԿԸՀ-ում ամփոփել է մինչ այս պահը ստացված դիմումների, հաղորդումների եւ դրանց քննարկման արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը:
«Քարոզչության ընթացքում եւ քվեարկության օրը ուսումնասիրվել են հասանելի բոլոր հրապարակումները»,- ասել է Հովհաննիսյանը եւ նշել, որ մինչեւ քվեարկության օրը դատախազությունը 9 մամուլի հրապարակում է ուսումնասիրել, իսկ այսօր ստացել է 37 հաղորդում. դրանցից 25-ի հիմքում մամուլի հրապարակումներն են, 12 –ի հիմքում ոստիկանության բաժիններում ստացված ահազանգերը:
Դեպքերի մեծ մասը վերաբերում է ընտրողներին ուղղորդելուն եւ քվեարկության գաղտնիությունը խախտելուն: Կրկնակի քվեարկության փորձերն այս ընտրություններին էականորեն նվազել են, ասել է Հովհաննիսյանը:
Լրագրողները դատախազության ներկայացուցչից հետաքրքրվել են, թե ինչպես է վերաբերվում ոստիկանների եւ Փոստանջյանի միջեւ տեղի ունեցած միջադեպին:
Հիշեցնենք, քաղաքապետի թեկնածուին ոստիկանները փորձել էին բերման ենթարկել:
«Ոստիկաննների գործողությունը իրավաչափ էր»,- ասել է Հովհաննիսյանը:




