ԿարևորՔաղաքական

Երեւանի ընտրություններում կգործեն 474 ընտրատեղամասեր, ընտրողների թիվը՝ 841 973

Վաղը` մայիսի 14-ին,  Երևանում ընտրություններ են. երևանցիները մայրաքաղաքի ավագանի, հետևաբար նաև քաղաքապետ են ընտրելու: Ավելի քան 20 օր նրանք լսել են ընտրություններին մասնակից երեք քաղաքական ուժերին,  նրանց  մոտեցումներն ու պատկերացումները  Երևանի  կառավարման  մասին և ոչ միայն: Այսօր  լռության օր է, վաղը՝ քվեարակության: Առավոտյան ժամը 8-ից կբացվեն  ավագանու ընտրությունների համար ձևավորված  474 ընտրատեղամասերը:

 

Ի տարբերություն խորհրդարանականի՝ Երևանի ավագանու ընտրություններին մասնակից ուժերին խաղից դուրս մնալու, այսինքն ընտրական արգելապատնեշները չհաղթահարելու վտանգ չի սպառնում: Թեև անցողիկ շեմեր Ընտրական օրենսգիրքը սահմանում է, բայց դրանք գործում են այն դեպքում, երբ մասնակիցների թիվը 3-ից ավելին է: Քանի որ այս ընտրություններին ընդամենը 3 ուժ է մասնակցում, իսկ Ընտրական օրենսգրքի մեկ այլ պահանջով՝ ավագանու կազմում պետք է ներկայացված լինի առնվազն 3 ուժ, սա նշանակում է, որ  մասնակից բոլոր ուժերի ներկայությունը հաջորդ ավագանիում ապահովված է:

Թե ինչ համամասնությամբ, կորոշի վաղվա քվեարկությունը: Դրան պատրաստվում են ավագանու ընտրությունների համար Երևանում ձևավորված   474 տեղամասային ընտրական հանձնաժողովները: «Բոլոր հանձնաժողովներն այս պահին աշխատանքի մեջ են: Մի մասը տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացել  է անհրաժեշտ սարքավորումներն ու պարագաները, մյուսները ստանում են այս պահին: Այսինքն՝ հանձնաժողովները պատրաստվում են»:

ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանի փոխանցմամբ՝  ընտրակարգն ընդհանուր առմամբ մեր  համաքաղաքացիների համար արդեն  նոր չէ: Գրանցման էլեկտրոնային համակարգը,  տեխնիկական սարքավորումները գործարկվել են խորհրդարանական ընտրությունների ժամանակ և արդեն ծանոթ են:  Գործողությունները, որոնք ընտրատեղամասում պետք է անի ընտրողo, ընդհանուր առմամբ նույնն են՝  մինչև քվերաթերթիկներին հասնելը:

Ի տարբերություն խորհրդարանական ընտրությունների՝ այս անգամ ընտրողին այլևս մեկ տասնյակ քվերաթերթիկների մեջ չի մոլորվի, կստանա ընդամենը մեկ քվեաթերթիկ: «Մենք տեղամասերում կստանանք ընդամենը մեկ քվերաթերթ, որի վրա կլինեն ընտրությունների մասնակից 3 քաղաքական ուժերի անունները և նրանց ցուցակների առաջին երեք անունները, առաջինը՝ մգեցված, քանի որ իրնեց կարգավիճակով տարբերվում են մյուս թեկնածուներից, քանի որ օրենքի ուժով կարող են դառնալ քաղաքապետ»:

Երևանի ավագանու  ընտրությունները, հիշեցնեմ, անցկացվում են համամասնական ընտրակարգով, այսինքն՝ դրանց մասնակցել կարող են միայն կուսակցություններն ու դաշինքները: Մայրաքաղաքի  ավագանին կազմված է 65 անդամից։   Ըստ Ընտրական օրենսգրքի ` ընտրական  ցուցակի առաջին համարը կուսակցության քաղաքապետի թեկնածուն է:  Եթե կուսակցությունը ստանում է մանդատների մեծամասնությունը, ապա  ուղղակիորեն, առանց ավագանու որոշման, նրա թեկնածուն  դառնում է քաղաքապետ։ Այլ դեպքերում ավագանին նիստ  է գումարում և  ընտրում քաղաքապետ։

Մինչև առաջին նիստը գումարելը, ավագանին դեռ պետք է ընտրվի:  Ամենամեծ ցուցակն առաջարկել է  Հանրապետական կուսակցությունը՝  195 թեկնածու, հաջորդը «Ելքն» է ՝ 63, հետո «Երկիր Ծիրանին»՝ 50 թեկնածուով:

Ի դեպ՝ վաղվա քվեարակությունը  բոլոր ընտրատեղամասերից հասանելի կլինի տեսանկարահանման և ուղիղ հեռարձակման միջոցով elections.am կայքում:

Այս անգամ էլ ընտրողների ստորագրած ցուցակները քվեարկության հաջորդ օրը կհրապարակվեն: Իսկ մինչև քվեարկությունը հասանելի է ընտրողների ռեգիստրը: Ի դեպ ոստիկանության վերջին տվյալով, ընտրությանը մասնակցելու իրավունք ունեցողների թիվը մայրաքաղաքում 841 973 է։ «Թե ստորագրված ցուցակների սկանավորումն ու կայքում տեղադրումը, թե ընտրողների ռեգիստրի՝ տեղամաս առ տեղամաս հասանելիությունը վերահսկողության  լուրջ գործիքներ են: Ես կարծում եմ քիչ երկրների օրենսդրության մեջ են վերահսկողության այսքան շատ գործիքներ ներդրված»:

Տեղամասերում քիչ չի լինի նաև դիտորդների թիվը: Անհամեմատ ավելի մեծ ներկայություն կապահովեն տեղական դիտորդները : Քվեարկության ընթացքին կհետևի 17 տեղական դիտորդական կազմակերպություն՝ ավելի քան 5000 դիտորդով:

Միջազգայիններից կլինի միայն մեկը՝ Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի դիտորդական առաքելության պատվիրակությանը:

 

Կարդացեք նաև

Back to top button