Ով էր կանգնած Մոսկվայում հայ-ադրբեջանական բախման հետեւում
Հայրենական մեծ պատերազմը բացահայտեց մի շարք հայազգի մարշալներ, ովքեր հենց արցախյան հողից էին, բայց երկու օր առաջ Արցախի դրոշը հայկական «Անմահ գնդի» երթի ժամանակ խնդրո եւ սադրանքի առարկա դարձավ ՌԴ երկու մայրաքաղաքներում՝ Մոսկվանյում եւ Սանկտ Պետերբուրգում: Սա ոչ առաջին դեպքն է, ոչ էլ հավանաբար, վերջին: Նման դեպքերը, որպես կանոն, պատրաստվում եւ կրկնվում են տոնական կամ սգո օրերին: Որոշ դեպքերում նշվում է, որ սադրիչները պարզապես աշխատում են հանրային արձագանքի համապատասխան բացասական ֆոն ստեղծելու համար: «Ռադիոլուրը» փորձել է պարզել, թե իրականում ինչ հետեւանքների մասին կարող ենք խոսել կոնկրետ դեպքից հետո:
Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում Արցախի դրոշի շուրջ ադրբեջանցիների կազմակերպած սադրանքները հեղինակների համար ցանկալի արդյունք չտվեցին։ Ոստիկանության կողմից բերման ենթարկվածներն իրենք էին, ծեծկռտուքներում վիրավորվածները՝ նույնպես, ռուսական հանրության կողմից պարսավանքի արժանացածները՝ կրկին իրենք: Բայց կատարվածը մեզ՝ հայերիս, մի շարք ուղղություններով մտորելու եւ վերլուծելու առիթ դարձավ:
Ահա այսպիսի ակնհայտ սպառնալիքներ երկու օր առաջ հնչում էին Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում: Հայկական «Անմահ գնդի» ընթացքի ժամանակ թիրախ դարձավ Արցախի դրոշը ու նաեւ այն տանողները: Կատարվածի ականատեսներից է Ռուսաստանի ներքին գործերի սպա Վիկտոր Ալեքսանդրովը: Կատարվածից հետո իր ֆեյսբուքյան էջում տարակուսած գրառում էր կատարել. «Արդյո՞ք Անդրկովկասում ընդունված է ձեռք բարձրացնել տարեց մարդու, կնոջ կամ երեխայի վրա»: Տարակուսում է նաեւ ադրբեջանական կողմի պահանջից, թե դրոշը չճանաչված պետության է, ուստի արգելված է Ռուսաստանում: «Ռադիոլուրի»-ին հաջողվեց կապ հաստատել Վիկտոր Ալեքսանդրովի հետ:
« Ես անձամբ տեսել եմ վրացական եւ աբխազական դրոշերն իրար կողքի, Մերձդնեստրի եւ այլ չճանաչված պետությունների դրոշները նույնպես: Ինչո՞ւ որեւէ առարկություն այս դեպքերով չի հնչել: «Անմահ գնդի» կանոնակարգում նշված չէ, որ անպայման պետք է պահել միայն ՄԱԿ անդամ-երկրների դրոշները, իսկ չճանաչված պետություններինը՝ չի կարելի: Հասկանում եք, համայնքների ղեկավարները պետք է աշխատեն սփյուռքի կառույցների հետ: Իրենք հենց դրա համար էլ ստեղծված են: Եկեք չմոռանանք, որ այսօր մեզ մոտ՝ Ռուսաստանում տեղի է ունենում «տեղեկատվական Սարդարապատ»՝ հանրության գիտակցությունը փոխելու համար: Այս պահին կարող եմ փաստել, որ հայկական կողմը չի ցուցաբերում անհրաժեշտ ակտիվություն: Չէ՞ որ կատարվածը Մոսկվայում եւ Սանկտ-Պետերբուրգում առաջին դեպքը չէ»:
Վիկտոր Ալեքսանդրովը չի կարծում, որ այս անգամ ՌԴ իշխանությունը կիրականացնի կանխարգելիչ միջոցառումներ երկու համայնքի նկատմամբ: «Դրա համար անհրաժեշտ է, որ իրավիճակը հասնի որոշակի ծայրահեղ կետի»,- պարզաբանում է Ալեքսանդրովը՝ ենթադրելով, որ սադրիչ նոր զարգացումներ չեն լինի, իսկ կատարվածի առումով ամեն ինչ կսահմանափակվի տարբեր տեսակի հայտարարություններով, իսկ համայնքների կողմից հարցերը այսպես ասենք «կքնեցվեն»: Համապատասխան հայտարարություններ, ի դեպ, այսօր արդեն տարածվել են: Սանկտ Պետերբուրգի հայկական ընկերակցության կողմից հայտարարություններից մեկն ուղղված է Ռուսաստանի Դաշնության, մյուս հայտարարությունը՝ ՀՀ իշխանություններին: Հայտարարությունների հեղինակը Վահան Բաբախանյանն է:
Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցներից շատ հաճախ ենք լսում խոսքեր, թե այնտեղ ադրբեջանցիների հետ խնդիր չունեն, շարքային հայերն ու ադրբեջանցիները ընկերություն եւ բարեկամություն են անում: Բաբախանյանի ներկայացմամբ՝ այս դեպքերում է երեւում նրանց իսկական դեմքը: Փոխադարձ հարգանքի մասին խոսում է նաեւ Ադրբեջանից Ռուսաստան փախած Տատյանա Մինասյանը՝ իհարկե, կոչ անելով երբեք չկորցնել զգոնությունը:
«Ներեցեք, բայց ես պետք է ազնիվ լինեմ: Ամբողջ կյանքս ապրել եմ Ադրբեջանում եւ վատ եմ զգացել Հեյդար Ալիեւի լայն ժպիտի տարիներին: Մենք զրկված էինք առաջատար դիրքերից, գերազանցիկը երբեք դպրոցում մեդալ չէր ստանա ու էլի շատ ու շատ այլ ճնշումներ են եղել: Հիմա ապրում եմ Զելենոգրադսկում, մեր տան մոտ ադրբեջանցիները կանաչի են վաճառում: Չէք պատկերացնի ինչ հիանալի հարաբերություններ են, չեք պատկերացնում, թե ինչպես են նրանք ներողություն խնդրում մեզանից ստեղծված իրավիճակի համար՝ ամբողջ մեղքը բարդելով ղեկավարության վրա: Բայց չէ՞ որ գենետիկ հիշողությունը մարդկանց մոտ պահպանվում է: Հենց նա է ստիպում մեզ ապրիլի 24-ին հագնել սեւ հագուստ: Համոզված եմ, որ իրենց գենետիկ հիշողությունը՝ քրիստոնյաներին եւ հայերին դանակով մեջքին խփելն է»:
«Ռադիոլուրի» զրուցակիցները շատ երկար թվարկում են անհրաժեշտ անելիքները այնտեղ՝ Ռուսաստանում: Հիմնականում խոսում են հենց համապատասխան միության աշխատանքից՝ նշելով, որ իր ակտիվությամբ այն զիջում է ադրբեջանական կառույցներին, ովքեր ակտիվորեն տպում եւ տարածում են իրականությանը չհամապատասխանող «պատմական փաստեր», որոնցով էլ ձեւավորվում է ռուսաստանի շարքային քաղաքացիների վերաբերմունքը: Այս անգամ, սակայն, ՌԴ իրավապահների վերաբերմունքը եղել է համարժեք։ «Հայկական համայնքից որեւէ տուժած եւ բերման ենթարկված չկա»,- «Ռադիոլուրին» հայտնեց Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մամուլի քարտուղար Լեւոն Թորգոմյանը: Դեսպանատունը հետեւում է դեպքերի զարգացմանը՝ թեեւ մեղադրանքի սլաքներ երբեմն ուղղվում են նաեւ այս կառույցին, քանի որ մեր բոլորիս սպասելիքներն ավելին են նրա ունեցած գործառույթներից:
«Ռադիոլուրի» զրուցակիցները նոր սադրանքների հավանականություն առաջիկայում չեն կանխատեսում: Նման դեպքերը որպես կանոն պատրաստվում եւ կրկնվում են տոնական կամ սգո օրերին: