Հասարակություն

Ադրբեջանական «սեւ ցուցակը» չի վախեցնում զբոսաշրջիկներին


Ադրբեջանի «սև ցուցակում» հայտնվելը  բոլորին չէ, որ վախեցնում է: Արցախ  այցելել ցանկացող զբոսաշրջիկները  չեն պատրաստվում հրաժարվել Արցախը տեսնելու իրենց ցանկությունից: 2017-ի  առաջին եռամսյակում Արցախ է այցելել մոտ 2000 մարդ: 

Լիբանանից Արցախ այցելած  Առնոլդը դժվարությամբ, բայց սովորել է Արցախի հիմնը։ Առաջին անգամ չէ, որ Արցախում է: Ասում է, որ նույնիսկ ապրիլյան պատերազմը իրեն հետ չպահեց, հակառակը՝ ցանկացավ գալ ու իր աչքով տեսնել ամեն ինչ:  Իսկ ԱՄՆ-ից  ժամանած Սևանն էլ Արցախի մասին լսել է  տատից:  Ասում է, որ արցախյան ազատամարտի տարիներին տատիկը մեծ հպարտությամբ էր խոսում Արցախ աշխարհի, այնտեղ ապրող մարդկանց ու պայքարող զինվորների մասին։ Սևանն այս տարի որոշել է կատարել տատիկի երազանքը:

«Տատիկս մահից առաջ մեզանից խոստում առավ,  որ մենք պետք է անպայման այցելենք այստեղ։ Հիմա մենք այստեղ ենք ու հասկանում ենք, որ տատիկս շատ քիչ տոկոսն է մեզ պատմել այս երկրի մասին»:

Մեր զրույցին խառնվում են Սևանի հետ Արցախ այցելած  նրա ընկերները, ովքեր հայկական արմատներ չունեն: Մարկն ասում է, որ մինչ այստեղ գալը, երբ իր ընկերները տեղեկացել էին, որ գալու է Արցախ, առաջին արձագանքին այն էր, թե արդյոք չի՞ վախենում։ Սակայն Մարկն  ասում է, որ վախենալու ոչինչ չկա:

«Ինչից և ումից պետք է վախենալ այստեղ։ Բոլորը զինվոր  են ու պատրաստ են  հողը պաշտպանել ու դա բավական է, որ դու քեզ ապահով զգաս: Ես այստեղ  ինձ տանն եմ զգում, սա իմ հայրենիքն է, բոլորը  ինձ ծանոթ  են թվում, նույնիսկ շատ անծանոթ մարդկանց  դեմքերը ծանոթ են թվում»:

Նրանց հարցնում եմ արդյո՞ք  չեն  վախենում, որ կհայտնվեն  Ադրբեջանի  տխրահռչակ սև ցուցակում:  Տղաները  ժպտում են ու ասում՝ եթե վախենային, ապա Արցախ չէին այցելի:  Նրանցից մեկն էլ նկատում է, որ հյուրանոցի ազատ համարներ մեծ դժվարությամբ են գտել, քանի որ բոլորն արդեն նախապես պատվիրված է եղել: Կանադայի համահայկական հիմնադրամի ատենապետ Մկրտիչ Մկրտչյանն էլ, ով  պարբերաբար  է այցելում Արցախ, այս  անգամ եկել էր մայիսյան եռատոներին մասնակցելու:

«Ռադիոլուրի» հետ զրույցում  նշում է, որ ամեն անգամ այցելելով Արցախ նորովի  է բացահայտում  երկիրը:

Դեռ նախորդ տարի՝ ապրիլյան դեպքերից հետո շատերն էին ասում է, որ կնվազի Արցախ այցելող զբոսաշրջիկների թիվը, հատկապես, երբ Ադրբեջանն սկսեց  կոշտացնել  դիրքորոշումը Արցախ այցելող արտասահմանցիների նկատմամբ: Բայց պաշտոնական  տվյալները այլ պատկեր են ցույց տալիս։ Վիճակագրության համաձայն՝  2016 թվականին Արցախ այցելած միջազգային զբոսաշրջիկների ավելի քան 90 տոկոսը (91%-՝ 12784 մարդ) եկել են հանգստի և ժամանցի նպատակով։

Իսկ այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով՝  Արցախ է այցելել հազարից ավելի (1076) զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ 100- ով ավելի (969-ի դիմաց)։

Արցախ այցելում  են աշխարհի տարբեր երկրներից, առաջին տասնյակի մեջ են մտնում ՌԴ, Ֆրանսիան  Գերմանիան, Լիբանանը, Ուկրաինան, Կանադան և Չինաստանը։  Իհարկե՝ այս թիվը կարող էր շատ ավելին լիներ, քանի որ չլուծված հակամարտությունը, ինչ խոսք, իր  դերը խաղում է, բայց  զբոսաշրջության աճ կարելի է ապահովել նաև այս պայմաններում:

Զբոսաշրջիկին  պետք է  գրավել  Արցախի մշակույթով, պատմական վայրերով ,խոհանոցով  ու հյուրասիրությամբ: Ի դեպ՝ Ադրբեջանի ԱԳՆ կայքէջում հրապարակվել է տխրահռչակ «սև ցուցակի» թարմացված տարբերակը, որտեղ  ներառված են Արցախ այցելած հարյուրավոր օտարերկրյա քաղաքացիների անուններ:

Հատկանշական է, որ 2017թ. ցուցակը համալրվել է 4 տասնյակ անուններով, որոնք վերջին ամիսներին Արցախում տեղի ունեցած սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի դիտորդներն ու բլոգերների կոնֆերանսի մասնակիցներն են: Իսկ ըստ պետությունների բաշխվածության՝ Ադրբեջանի «սև ցուցակում»  ամենաշատը ներառված են ՌԴ, Գերմանիայի, Իտալիայի, ԱՄՆ եւ Ֆրանսիայի քաղաքացիներ:

Back to top button