Հասարակություն

Հստակ պահանջներ՝ գերատեսչությունների ղեկավարների առջև


Հերթական հինգշաբթին կառավարությունում. վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր  գերատեսչությունների ղեկավարների առջև հստակ պահանջ է դրել՝ ներկայացվող հարցերը պետք է  ամբողջությամբ համապատասխանեն  օրենսդրությանը, իսկ տրված հանձնարարությունները պատշաճ և սահմանված ժամկետներում կատարվեն: Մինչդեռ՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը զեկուցել է, որ արձանագրվել են դեպքեր, երբ կառավարության նիստին ներկայացվող հարցերը չեն համապատասխանել օրենսդրությամբ նախատեսված պահանջներին կամ համապատասխան նախագծերը լրամշակելու համար տրամադրված ժամկետները չեն պահպանվել: Նիստի վերջում վարչապետը հրաժեշտ է  տվել արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին:

Այս կազմով կառավարությունն այսօր վերջին անգամ հանդիպեց:  Մայիսի 18-ին նախատեսված է 6-րդ գումարման  խորհրդարանի առաջին նիստը: Այդ օրն էլ՝ Սահմանադրության համաձայն, Կարեն Կարապետյանի կառավարությունը հրաժարական կտա:  Թե ովքեր կլինեն հաջորդ կառավարության կազմում, դեռ պարզ չէ, հստակ է մի բան՝ նոր կառավարությունում չի լինի արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Նա վերադառնում է Ազգային ժողով: Նրան այսօր վարչապետն արդեն հրաժեշտ տվեց:

Ինչպես կառավարության նախորդ նիստերում՝ այս անգամ եւս վարչապետը հանձնարարություններ տվեց։ Հանձնարարությունների այս ինստիտուտն ակտիվացավ Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակվելուց հետո: Սակայն սա կառավարության ղեկավարի բերած  միակ նորույթը չէ: Նշանակման առաջին իսկ օրվանից  հիմնական շեշտը դրվեց ներդրումներ ներգրավելու, դրանք խթանելու ու ամենակարևորը՝ տնտեսական աճն ապահովելու վրա: 3,2 մլն դոլարի ներդրումների խոստում տվեց այս կառավարությունը: Ընդհանրապես Կարեն Կարապետյանի կառավարության անդամները  ամենաշատն են  խոսում ներդրումների մասին: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, օրինակ, կառավարության նախորդ նիստից հետո հայտարարեց՝ ամբողջական պատկերը պարզ կլինի, երբ ԱՎԾ-ն  մայիսի վերջին ամփոփի տվյալները:

Այս ընթացքում կառավարությունը  95 մլրդ դրամի արտոնություններ ու  մաքսատուրքերի վճարման  հետաձգման հնարավորություններ է տվել տարբեր ներդրումային ծրագրերի՝ այսօր արդեն կառավարության նիստից հետո ասաց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:

ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը հայտնեց՝ նախորդ վեց ամսվա ընթացքում 290  ԱԱՀ  հարկ վճարողի վերադարձվել է շուրջ 28 մլրդ դրամ:  Սուրեն Կարայանը  նշում է, որ ռուսաստանաբնակ  գործարար Սամվել Կարապետյանի և ՀՀ վարչապետի նախաձեռնությամբ ստեղծված Ներդրողների ակումբի կողմից ներդրումային ծրագրերի իրականացումը ընթացքի մեջ է։ Ծրագրերն են ուսումնասիրվում,  առաջիկայում  հստակ առաջարկություններ կներկայացվեն:

«Առաջին ներդրումները կուղղվեն հիմնականում  վերականգնվող էներգետիկայի ոլորտ: Բավականաչափ ծրագրեր սկսվել են, մոտ ժամանակներս Ազգային վիճակագրական ծառայությունը կհրապարակի, թե որքան օտարերկրյա ներդրումներ են եղել, որքան` տեղական»:

Հայտարարված 7 հազար աշխատատեղի փոխարեն 2017-ին ակնկալվում է ստեղծել 10 հազար աշխատատեղ:  Տնտեսագետ Բագրատ Ասատրյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշում է, որ ներդրումային ծրագրերը գործարքներ են, դրանք կարող են լինել  լավ կամ վատ:

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանն էլ «Ռադիոլուրի» հետ զրույցում  հիշեցնում է՝ 2016-ի նույն այս օրերին տնտեսական ակտիվության ցուցանիշը  6 տոկոս էր կազմում,  ակնկալիքները մեծ էին, սակայն չարդարացան:

Ընդհանրապես՝ արդյունք տեսնելու համար մասնագետները  կարծում են, որ պետք է երկարաժամկետ  ռազմավարական ծրագրեր  մշակվեն։ Նշենք նաև, որ տարեսկզբին Հայաստանում ստեղծվեց  Ռազմավարական նախաձեռնության կենտրոնը։ Ակնկալվում է, որ այստեղ են ստեղծվելու տնտեսության զարգացման երկարաժամկետ ռազմավարությունները:

Back to top button