

ՀՀ կառավարությունն իր պահուստային ֆոնդից ավելի քան 50 հազար եվրո կհատկացնի Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի «Մուրադյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռի կատարմանը: Ժամկետային զինծառայող Սուրեն Մուրադյանը 2002 թվականին Ղարաբաղում ծառայության ժամանակ հիվանդացել էր, ապա` մահացել: Եվրոպական դատարանը համարել է, որ խախտվել է զինվորի կյանքի իրավունքը եւ պարտավորեցրել ՀՀ կառավարությանը 50 հազար եվրո փոխհատուցում վճարել Մուրադյանների ընտանիքին:
Գումարի վճարումը պետք է իրականացվի մինչեւ մայիսի 24-ը: Այս վճիռը հնարավոր է դարձել զինծառայողի հոր` Հրաչյա Մուրադյանի տարիների հետևողական աշխատանքի շնորհիվ, ինչի արդյունքում նրա ձեռք բերած անառարկելի ապացույցները հիմք են հանդիսացել նման որոշման համար: Հայաստանի իշխանությունները պատասխանատու են Լեռնային Ղարաբաղում զինծառայողի մահվան գործով ոչ արդյունավետ քննության համար, այսպես է վերնագրված ՄԻԵԴ վճիռը:
ՄԻԵԴ բողոք ներկայացնող հայրը` Հրաչյա Մուրադյանը, պնդել է, որ որդին մահացել է սպաների կողմից պարբերաբար բռնությունների կիրառման արդյունքում առաջացած վնասվածքներից, պատշաճ բուժօգնություն չի տրամադրվել, պետությունը չի ապահովել պարտադիր զինվորական ծառայություն անցնող որդու կյանքի իրավունքը: Ընդհակառակը, ամեն ինչ արվել է մահվան հանգամանքները կոծկելու և մեղավորներին թաքցնելու համար: Առաջ են քաշել մահվան անհավանական վարկածներ, կեղծվել են փորձագիտական եզրակացություններ:




