Վաղը Բուն Բարեկենդան է


Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Այս տարի փետրվարի 10-ին Բուն Բարեկենդանն է, իսկ հաջորդ օրվանից սկսվում է Մեծ Պահքի շրջանը։ Տեր Եսայի քահանա Արթենյանի խոսքով` Մեծ Պահքն առիթ է ամրանալու հավատքի մեջ:
Սուրբ Ծնունդից մինչև Սուրբ Հարության տոնը յուրաքանչյուր հավատացյալի համար սովորելու, զորանալու, զարգանալու ընթացք է: Մեծ Պահքի ընթացքում եկեղեցու վարագույրը փակ է և պատարագը փակ է կատարվում. եկեղեցիներում վարագույրի փակ լինելը խորհրդանշում է դրախտի փակ լինելը, երբ մարդկային մեղքի պատճառով այն փակվեց մարդկանց առաջ:
Աստվածահաճո է այն, որ Պահքը պահես ոչ ցուցադրաբար: Պահքի 40 օրը խորհրդանշում է անապատում Քրիստոսի քառասնօրյա աղոթքի, ծոմապահության և ապաշխարհության շրջանը:
Եկեղեցին երբեք չի ասում, որ կարևոր է սննդի պահքը կամ միայն տեսական ու ձևական մասը: Եկեղեցին կարևորում է այդ երկուսի համադրությունը: Ճիշտ է՝ լինում են տկարություններ, սակայն հնարավորինս մարդը պետք է ձգտի պահեցողության:
Քառասնօրյա պահքին հաջորդում է Պահոց ևս մեկշաբաթյա շրջանը`Ավագ շաբաթը: Սա է պատճառը, որ քառասնօրյա պահքը տևում է 48 օր: Մեծ Պահքի շրջանի 7 կիրակներն ունեն իրենց անունները՝ Բուն Բարեկենդան, Արտաքսում, Անառակի, Տնտեսում, Դատավորի, Գալստյան և Ծաղկազարդ:
Հավելենք, որ Սուրբ Զատիկը փոփոխվող տոն է։ Եկեղեցին այն հաշվարկում է ամեն տարի գարնան գիշերահավասարին հաջորդող լուսնի լրումից հետո ընկած առաջին կիրակին: