Հնգյակից երկու աղջիկը շնչում են առանց արհեստական շնչառական սարքի, տղայի վիճակը ծայրահեղ ծանր է


ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը ծանոթացել է «Մուրացան» հիվանդանոցային համալիրի նորածնային վերակենդանացման բաժանմունքում բուժվող և խնամվող նորածինների, այդ թվում` մայիսի 3-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում լույս աշխարհ եկած հնգյակից տղայի առողջական վիճակին։ Նախարարը հետաքրքրվել է նրանց բուժման ընթացքով և արդյունքներով։
«Մուրացան» հիվանդանոցային համալիրում գտնվոր տղայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, իսկ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի և Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի նորածնային վերակենդանացման բաժանմունքներում բուժվող երկու աղջկա վիճակը` կայուն ծանր։ Աղջիկները շնչում են առանց արհեստական շնչառական սարքի, նրանց միացված է CPAP համակարգ։
Անդրադառնայով հնգյակից 2-ի անցանկալի վախճանի պատճառներին` ՀՀ ԱՆ գլխավոր մանկական ռեանիմատոլոգ Հրանտ Կալենտերյանը նշել է. «Խնդիրը խորը անհասության պատճառով օրգան-համակարգերի ոչ բավարար զարգացումն է, ինչի հետևանքով բազմաթիվ բարդություններ են առաջանում, որոնք սպասելի են և, ցավոք, հաճախ հնարավոր չէ կանխարգելել կամ իրավիճակից փրկել»։