Համայնքների խոշորացումը շարունակում է կրքեր բորբոքել
Այսօր աշխատանքային գործունեության վեց ամիսն է ամփոփել տարածքային կառավարման ու զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: Նախարարը ներկայացրել է արված ծրագրերը, խոսել նախատեսվող բարեփոխումների մասին՝ աշխատատեղերի ստեղծում, տարածքների համաչափ զարգացում: Կարևորագույն ծրագրերից մեկը համայնքների խոշորացումն է, որը նախատեսվում է ավարտին հասցնել արդեն հաջորդ տարի: Նախարարը վստահեցրել է՝ խոշորացման արդյունքում համայնքներն ավելի արդյունավետ են կառավարվում: Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը, սակայն, «Ռադիոլուրի» հետ զրույցում հակառակն է պնդել՝ համայնքների խոշորացումն արդյունք չի տա, ավելին՝ արհեստական խնդիրներ է առաջացնում: Հիշեցնենք, այս թեմային «Ռադիոլուրն» անդրադարձել էր նաև օրերս: Զրուցել էինք Տավուշի մարզի սահմանամերձ ու արդեն խոշորացված մի քանի համայնքների ներկայացուցիչների , նախկին գյուղապետերի հետ: Նրանց կարծիքները դրական չէին: