Հնգյակի ընտանիքը բնակարանի կարիք ունի (լուսանկարներ)


Հինգ երեխա ունեցած մեծամորցի բազմանդամ ընտանիքը բնակարանային պայմանների կարիք ունի: Նրանք վարձակալությամբ ապրում են Հայաստանի ատոմակայանի նախկին հանարակացարանի շենքում: Ունեցած սեփական բնակելի տարածքը 18 քմ է և ստիպված վարձակալել են երկսենյականոց բնակարանը, որտեղ ապրում են 6 հոգով: Նեղ բնակարանում երեխաների օրորոցների համար տեղ չկա: Ընտանիքի միակ կերակրողն այժմ երեխաների հայրն է:
,,Աչքներդ լույս լինի, ժողովուրդ ջան, առողջ բալիկներ մեծանան, ես գնում եմ Երևան նրանց տեսնելու,,- հնգյակ ունցած նորաթուխ-բազմազավակ ծնողների մոտ է շտապում բարեկամուհին:
Շարունակ հնչող հեռախոսազանգերն ու շնորհավորանքները Կարապետյանների ընտանիքում չի դադարում, հարազատ-բարեկամ, ծանոթ ու անծանոթ ուրախացել են և շտապում են աչքալուսանք տալ: Նրանց ընտանիքում ծնվել է միանգամից 5 երեխա՝ 4 աղջիկ և մի տղա՝ Թեհմինե, Ռոզի, Լիլիթ, Աննա և Արա: Նրանցից 3-ը կրում են պապիկի ու երկու տատիկի անունները: Հնգյակի ծնվելու մասին լուրը տուն էր բերել արտագնա աշխատանքի մեկնած ավագներին: 42-ամյա Ռոզա Մարուքյանի աչքերն ուրախությունից փայլում են, միանգամից 5 երեխայի տատիկ է դարձել:
Հնգյակի լույս աշխարհ գալու հետ կապված բժիշկները սկզբնական շրջանում անհանգստութուն են հայտնել, նրանք միաժամանակ կարևորել են մոր առողջությունը և վաղօրոք առաջարկել երկու սաղմի հեռացում, որին հարազատները չեն համաձայնել:
Բնական ճանապարհով բեղմնավորված երեխաները լույս աշխարհ են եկել 28 շաբաթը լրանալուց հետո, այսինքն՝ հղիության 7-րդ ամսում, կեսարյան հատմամբ: Երեխաների ընտանիքն ունի բնակարանային պայմանների բարելավման կարիք: Նրանք 2000 թվականից ապրում են Մեծամոր քաղաքի ՀԱԷԿ-ի նախկին հանրակացարանի շենքի 18 քմ ընդհանուր տարածքում:
Չտեղավորվելով մեկ սենյականոցում բազմանդամ ընտանիքն արդեն 4-րդ տարին վարձակալել է նույն շենքի 5-րդ հարկի երկսենյականոց բնակարանը, որն այժմ դրված է վաճառքի:
Արդեն 11 հոգանոց ընտանիքի միակ կերակրողը երեխաների հայրն է՝ 24-ամյա Վարդան Կարապետյանը, ով աշխատում է Էջմիածնի Ֆասթ-կրեդիտ ունիվերսալ վարկային կազմակերպությունում, աշխատավարձը չի գերազանցում 100 հազ դրամը: Վարդանի մայրը՝ Ռոզան, նշում է, որ աշխատավարձից 20 000 դրամը ծախսվում է ճանապարհի վրա, այլ եկամուտներ չունեն:
,,Ֆասթ-կրեդիտը շուրջօրյա է աշխատում, որդիս գիշերային հերթափոխում վարկային մասնագետ է: Ավարտել է պոլիտեխնիկական ինստիտուտը, շատ կուզեի, որ աշխատանքի անցներ հենց մեզ մոտ, ատոմակայանում և գիշերները տանը լիներ, որ օգներ երեխաներին պահենք,,,- ասում է մայրը: Վարդանի հայրը՝ Արա կարապետյանը, նախկինում պայմանագրային զինծառայող է եղել, Արցախի հյուսիսային սահմաններն է հսկել, որից հետո մեկնել է Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի, այժմ աշխատանք չունի: Մտադրվել է դարձյալ անցնել պայմանագրային զինծառայության: Վարդանի նշանադրության օրը անցած տարվա ապրիլի 2-ին, հայրը հասցրել էր շնորհավորել որդու նորաստեղծ ընտանիքին ու տագնապով մեկնել էր պատերազմ: Վարդանն ու կրտսեր եղբայը նույնպես Արցախում են ծառայել, ունեն բազմաթիվ պատվոգրեր ու մեդալներ, ծնողներին շնորհակալագրեր են հանձնվել:
Ծառայության գերազանցիկները չեն տրտնջում դժվարություններից և չնայած բնակարանային պայմանների անհարմարավետությանը՝ անհաբեր սպասում են երեխաներին տուն բերելուն: Արդեն բաժանել են պարտականությունները, նրանցից մեկին պահելու հոգսը ստանձնել է նաև կրտսեր հորեղբայրը՝ Աբրահամը:
Երեխաների խնամքի հոգսը պատրաստ են կիսել նաև հարևանները:
Նորածինների խնամքով հիմնականում զբաղվելու է Վարդանի տատիկը՝ Թեհմինեն: Նա ունի 9 թոռ և 9 ծոռ: Ասում է մայրական զգացողությունը շատ խորն է արտահայտված իր մոտ, քանի որ ամուսնուն կորցնելուց հետո 28 տարեկանից միայնակ է մեծացրել 4 երեխային: Բազմապտղությունը գենետիկորեն է փոխանցվել, աղջիկը 2 անգամ երկվորյակ է ունեցել:
Մեծ մայրիկն ու ընտանիքի բոլոր անդամները լիահույս են, որ պետությունը չի անտեսի իրենց հիմնական խնդիրը և աջակցության ձեռք կմեկնի:
,,Նորածինների համար առանձին լուսավոր սենյակ է հարկավոր, որը պետք է օդափոխվի, օրորոցները իրար կողքի պետք է լինեն, էս տան մեջ դրա հնարավորությունը չկա: Հույս ունենք, որ կառավարությունը մեզ կաջակցի այս հարցում, որովհետև երեխաների համար առանձին սենյակը խիստ անհրաժեշտ է: Հայաստանում ամեն օր միանգամից 5 երեխա չի ծնվում,,- ասաց Վարդանի 71-ամյա Թեհմինե տատիկը: