
Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
ԱԺ գարնանային նստաշրջանի առաջին քառօրյան այսօր ամփոփվել է ավանդական ճեպազրույցներով: Քանի որ դրանք վերջինն են փետրվարի 18-ի նախագահական ընտրություններից առաջ, խորհրդարանական ուժերը նախընտրել են ավելի շատ խոսել ընտրական գործընթացների, քան քառօրյայի մասին:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը կարծում է, որ այս ընտրությունները նախորդներից շահեկանորեն տարբերվում են մեկ հանգամանքով. չկա բևեռացված, ագրեսիվ լարվածություն, և թեկնածուներից առնվազն երեքը ծրագրային պայքար են մղում:
Ընտրությունների մյուս առանձնահատկությունը, Հակոբյանի գնահատմամբ, ձևակերպել են քաղաքագետները՝ թեկնածուներին բաժանելով 1-ին և 2-րդ էշելոնների: 2-րդ էշելոնի թեկնածուների խնդիրը, ըստ Հակոբյանի, հիմնական թեկնածուներին վարկաբեկելն է, ինչին «Ժառանգությունում» լուրջ չեն վերաբերվում: «Ավելին՝ հասարակությունն էլ լուրջ չի վերաբերվում»,- ասաց։
«Ժառանգությունում» չեն հավատում նաև սոցիոլոգիւական հարցումներին: Նկատել են, որ նույն օրվա ընթացքում հակասական տեղեկություններ են հրապարակվում: Մեր սոցհարցումներով Րաֆֆի Հովհաննսիյանի վարկանիշը վերջին 2 շաբաթների ընթացքում 2.5 անգամ աճել է, ասաց Ռուբեն Հակոբյանը, բայց որևէ թիվ չնշեց:
Իսկ արդյո՞ք պատրաստ է «Ժառանգության» առաջնորդը պարտության դեպքում շնորհավորել հաղթած թեկնածուին՝ դրանով Հայաստանի պատմության մեջ սկիզբ դնելով նոր ՝ շնորհավորանքի մշակույթին:
«Եթե հնարավոր լինի ձևավորել այն մշակույթը, որ հաղթած ու պարտված թեկնածուները իսկապես ժողովրդի արդար քվեով ընտրվեն, ապա հնարավոր է նաև մյուս տարբերակը. որ հաղթողն ու պարտվողը միմյանց ձեռք սեղմեն»:
Նույն հարցը՝ հաղթողին կշնորհավորե՞ք, թե՞ ոչ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին տրվեց:
«Ի՞նչը շնորհավորենք, երբ ընտրորթյուններն ինքնին շինծու են: Մեր գնահատումով՝ սրանք ժողովրդավարական ընտրություններից այնքան հեռու են, որ խոսել հաղթողի ու պարտվողի մասին ուղղակի անիմաստ է»:
ՀՅԴ-ն սեփական թեկնածուով ընտրություններին չի մասնակցում և թեկնածուներից որևէ մեկին չի սատարում. ընտրարշավի այս դիրքորոշումը հայտնելուց հետո Դաշնակցության ներկայացուցիչներն ասել էին, որ կհետևեն ընտրական գործընթացներին և ըստ այդմ կկողմնորոշեն իրենց ընտրազանգվածին: Արդյո՞ք արդեն կողմնորոշել են։ Արմեն Ռուստամյանն ասում է, որ ՀՅԴ-ն ընտրություններից մի քանի օր առաջ իր համակիրներին կկողմնորոշի:
«Շտապելու խնդիր չկա, բայց մեր մոտեցումը շատ հստակ է: Ինքս ասել եմ, որ անձամբ հակված եմ գնալ ընտրություններին ու քվեաթերթիկի վրա գրել «բոլորին դեմ»։
Ընտրություններից հետո կլինե՞ն ձեռքսեղմումներ ու շնորհավորհանքներ, թե՞ ոչ. հարցի վերեբերյալ ամենալավատեսականը ՕԵԿ-ի մոտեցումն է: Շնորհավորողի դերում բոլոր թեկնածուներին էլ տեսնում եմ, ասաց ՕԵԿ խմբակցությունից Հովհաննես Մարգարյանը:
«Եթե բաց ու թափանցիկ ընտրություններ կազմակերպենք, իսկ իմ կարծիքով ոչ թե եթե, այլ կազմակերպելու ենք, ապա յուրաքանչյուր թեկնածու հաղթողին, իմ պատկերացումներով, պետք է շնորհավորի»:
Նույն դիրորոշումն ունի նաև Հանրապետական կուսակցությունը. խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը կարծում է, որ ընտրությունների արդյունքներն իրատեսորեն գնահատելու դեպքում պարտվող թեկնածուն պարտավոր է շնորհավորել հաղթողին։
«Անուններ տալը կարծում եմ տեղին չէ: Ասում եմ իմ ցանկությունը, եթե 7-ն են պարվելու, ապա յոթն էլ փորձեն շնորհավորհել՝ իրենց մեջ գտնելով այդ կամքը»:
Ո՞վ կշնորհավորի հաղթողին հաղթանակի առիթով հարցըն անիմաստ է Հայ ազգային կոնգրեսի համար:
«Բացարձակ չի հետաքրքրում ընտրությունների ոչ ընթացքը, ոչ արդյունքը, ոչ էլ , թե ով ինչ կանի»,- ասաց Արամ Մանուկյանը։
Իսկ ահա լրագրողներին հետաքրքրում էր Արամ Մանուկյանի պարզաբանումը ՀԱԿ-ը կուսակցության վերածելու ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրած գաղափարի վերաբերյալ: Արամ Մանուկյանը սա ադեկվատ լուծում է համարում շարժման ներուժը չկորցնելու և շարունակելու առումով:
Մյուս կողմից գիտակցում է, որ նոր կուսակցության ստեղծումը նշանակում է նաև որոշում կայացնել ՀՀՇ կարգավիճակի վերաբերյալ` լուծարել այն, վերակազմավերել, վերանվանել, թե իրավական մեկ այլ ճանապարհով գնալ: Ինքն Արամ Մանուկյանը լուծարման կողմնակից չէ: «Լուծարման տարբերակը նշանակում է գիծ գծել քո անցյալի և ապագայի միջև»:
ՀՀՇ-ի ճակատագիրը կորոշվի մոտ մեկ ամիս հետո։ Կուսակցությունն այսօր վարչության նիստ կհրավիրի, ապա հարցը կքննարկի տարածքային կառույցներում, հնարավոր է նաև համագումար հրավիրի: Միայն համագումարը, ըստ վարչության նախագահի, կարող է որոշում կայացնել, թե որ տարբերակն է ընտրելու կուսակցությունը` լուծարվելու, վերակազմավորվելու թե՝ վերանվանվելու:
Ինչ վերաբերում է խորհրդարանական մյուս ուժերի վերաբերմունքին, ապա Հանրապետականը ուրախ կլինի, եթե հաջողվի քաղաքական առողջ նոր ուժ ձևավորել, ՀՅԴ-ն կարծում է, որ ՀԱԿ-ը վաղուց էր քառակուսի անիվի վերածվել և քաղաքական դաշտը որքան շուտ բևեռանա, այնքան ավելի լավ, « Ժառանգությունը» միայն բարի ճանապարհ է մաղթում:




