Պտղունք գյուղի դպրոցի շենքը մաս-մաս քանդվում է (լուսանկարներ)


,,Արջը 7 երգ գիտի, 7-ն էլ՝ մեղրի մասին, ես 7 երգ գիտեմ, 7-ն էլ՝ դպրոցի մասին,, ասում է Պտղունք համայնքի ղեկավարը տարիներ շարունակ բարձրացնելով նոր դպրոցի կառուցման հարցը: Հին դպրոցը մաս-մաս փլուզվում է:
Արմավիրի մարզի Պտղունք գյուղի դպրոցի շենքը մաս-մաս քանդվում է, փլուզվում և դուրս է մնացել կառավարության ուշադրությունից: Խնդիրը բազմիցս բարձրացվել է պատկան մարմինների առջև, բայց լավագույ տարբերակը եղել է պետբյուըջեի միջոցներով նախագծա-նախահաշվային թաստաթղթերի կազմումը, իսկ շինարարության համար դժվարանում են միջոցներ տրամադրել: Դպրոց մտնելիս հայացքները բարձրացնում են թափվող քարերից զգուշանալու համար: Համայնքի ղեկավարը 2 անգամ նամակով դիմել է վարչապետին, սակայն պատասխան չի ստացել: 2 օր առաջ փլուզվել էր պատի մյուս հատվածը:
Արմավիրի մարզի Պտղունք գյուղը գրեթե հարակից է Զվարթնոց միջազգային օդանավակայանին, մայրաքաղաքից էլ հեռու է 11 կմ, սակայն եթե մտնենք դպրոց ու տեսնենք, թե ինչպիսի պայմաններում են սովորում Պտղունք գյուղի երեխաները, զարմանքից չենք հասցնի թարթել աչքերը: 1940-ական թվականների միահարկ կառույցը բառիս բուն իմաստով քանդվում է, քարերն աստիճանաբար թափվում են: Դպրոցի ուսուցիչները վախով են հետևում աշակերտների շարժին:
Ֆիզկուլտուրայի ուսուցչուհին մարզադահլիճի դրսի պատերը ցույց տալուց հետո հրավիրեց ներս: Որքան էլ արտաքնապես ցանկացել էին թաքցնել խարխուլ պատերի լայն ճաքերը, դրանք պարզորոշ տեսանելի էին:
Դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն Վարդիթեր Մաթևոսյանն ու ամբողջ կոլեկտիվը սրտնեղում են, որ իրենց դպրոցն ուշադրությունից դուրս է մնացել : Ուսուցիչները ջանք չեն խնայում ամենավատ պայմաններում երեխաներին գիտելիքներ հաղորդելու համար: Դպրոցը նախկինում ունեցել է 450 երեխա, հիմա սովորում է 135-ը: Պտղունքի դպրոցից հարակից համայնքների դպրոցներ են տեղափոխվել 70-ից ավելի աշակերտներ:
Ձմռանը դասարնները ջեռուցվում են դիզելային վառելանյութով, որը չի հասցնում տաքացնել դասարանները: Երեխաները մի կերպ են դասերին մասնակցում:
Դպրոցի ուսմասվար Վարդիթեր Մաթևոսյանը ցավում է, որ դպրոցի վթարայնության պատճառով կրթօջախը դատարկվում է, ասում է, եթե դպրոցը դատարկվի, գյուղն էլ հետը կդատարկվի: 7–րդ դասարանի աշակերտներից մի քանիսն արդեն որոշել են՝ նոր ուսումնական տարում մայրաքաղաքի դպրոցներից մեկում սովորել:
Աշակերտների մի մասն էլ հաստատակամ են՝ կմնան ու կսովորեն իրենց գյուղի դպրոցում, բայց ցանկանում են մյուս դպրոցների աշակերտների նման իրենք էլ սովորեն 21-րդ դարի դպրոցում, որտեղ տեխնիկապես և տեխնոլոգիապես առաջընթաց կա:
Նոր դպրոցի կառուցումը Պտղունք համայնքի ղեկավար Կարապետ Արթենյանի ամենացավոտ կողմն էլ է, ամեն առիթ բաց չի թողնում պետական այրերին անհանգստացնելու և խնդրին անդրադառնալու համար: Ասում է՝ արջը 7 երգ գիտի, 7-ն էլ՝ մեղրի մասին, ես 7 երգ գիտեմ, 7-ն էլ՝ դպրոցի մասին: Բազմաթիվ ահազանգերից հետո, նախընտրական խոստումների ժամանակ մի քայլ առաջ գնաց դպրոցի նախագծման աշխատանքները, սակայն դրանք արդեն սկսել են խունանալ:
Ներքին միգրացիայի խնդիրը գյուղապետին էլ հանգիստ չի տալի: <<Ինչքան էլ գյուղի համար լավ աշխատանքներ կատարենք, միևնույն է գյուղը գյուղ չի դառնա առանց երեխաների ու դպրոցի: Բնական աճ կա, բայց դպրոցի երեխաների թիվը պակասում է>>,- ասում է Համայնքի ղեկավարը: Նոր դպրոց կառուցելու խնդրանքով գյուղապետը 2016 թ հոկտեմբերի 24-ին և 2017 թ փետրվարի 15-ին 2 անգամ նամակով դիմել է վարչապետ կարեն Կարապետյանին, բայց մինչև որս որոշակի պատասխան չի ստացել:
Նորակառույց դպրոցի նախագծի համար պետական բյուջեից տրամադրվել է 8.1 մլն դրամ: Դպրոցը վթարային է և քանդման անհրաժեշտություն ունի, հետազոտողները գալիս են, գնում, տալիս եզրակացությունը, որը մնում է թղթի վրա: Գյուղապետը նշեց, որ դպրոցը կառուցվելու էր Ասիական բանկի ֆինանսավորմամբ: Արմավիրի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Կարինե Դանիելյանը նշեց, որ դպրոցի շենքը 4-րդ աստիճանի վնասվածություն ունի և ենթակա է քանդման:
<<Մարզպետը ամեն տարի միջնաժամկետ և տարեկան ծախսային ծրագրերի հայտում ներկայացնում է Պտղունք գյուղի նոր դպրոցի կառուցման հայտը, բայց դեռ լուծում չի տրվել >>,- ասաց Կարինե Դանիելյանը: Մինչև դպրոցի կառուցումը կնախատեսվի որևէ ծրագրով իրականացնել, դպրոցի քարերը շարունակվում են թափվել և դպրոց մտնողներն էլ աղթում են, որ իրենց գլխին չընկնի: