Ապրիլյան հերոս Բագրատ Ալեքսանյանի անունով դասասենյակ՝ թիվ 84 հիմնական դպրոցում


«Այսօրվանից դու ազատ ես»,- սա Բագրատ Ալեքսանյանի գրքից է։ Ապրիլյան քառօրյա պատերազմում նրա զոհվելուց հետո մայրն իրականացրեց որդու երազանքը՝ հրատարակելով նրա ստեղծագործությունները՝ «Վերադարձ» վերնագրով։ Իսկ այսօր էլ այն դասասենյակում, որտեղ սովորել է Բագրատը, անվանակոչվեց հենց իր անունով:
Հրամանատարից մինչև զինվոր բոլորը սիրում էին նրան: Բարի էր, հումորով ու երբեք չէր նեղանում՝ հուզմունքը մի կերպ զսպելով պատմում է ապրիլյան հերոս Բագրատ Ալեքսանյանի ծառայակից ընկերը՝ Մյասնիկ Կարապետյանը: Նա Բագրատի հետ միասին կռվել է նույն խրամատում ու եղել իր կողքին: Ասում է, որ այդ օրերին նրանք մտածելու ժամանակ անգամ չունեին, բայց մի բան հստակ էր՝ պետք չէր նահանջել ու պետք էր կռվել մինչև վերջին շունչը:
Այսօր Խաչատուր Աբովյանի անվան թիվ 84 հիմնական դպրոցի դասասենյակներից մեկը անվանակոչվեց ապրիլյան հերոսի անունով։ Կարմիր ժապավենը կտրում են Բագրատի ծնողները և եղբայրը: Տնօրեն Արկադի Էլոյանն ասում է, որ իրենց դպրոցը ապրիլյան պատերազմին երեք հերոս տվեց՝ Տիգրան Բերակչյան, Հրաչ Մուրադյան, Բագրատ Ալեքսանյան.
Այն դասասենյակում, որտեղ սովորել է, Բագրատը, անկյունում դրված էին նրա շնորհակալագրերը՞ Դրանց այսօր ավելացավ բանաստեղծությունների ժողովածուն, որը տպագրվել է հերոսի մահից հետո։ Պատին մորն ուղղված վերջին նամակն է։ Գրել է 2016- ի ապրիլի 1- ին:
Բագրատ Ալեքսանյանը բանակ էր զորակոչվել 2014 թվականի հուլիսի 18-ին: Նա իր ծնողների, եղբոր` Սամվելի, հետ Մոսկվայում է ապրել, բայց 2013 թվականին թողել է մոսկովյան աշխատանքն ու վերադարձել Հայաստան` պարտքը կատարելու: Եղբոր հետ ծառայում էր նույն զորամասում։ Նա Հրեշտակների ջոկատի հերոս տղաներից մեկ է եղել :
Բագրատն ուներ շատ երազանքներ, որոնք այդպես էլ կիսատ մնացին։ Բայց նրա երազանքներից մեկն իրականացավ… ցավոք՝ հետմահու։ Տպագրվեց նրա բանաստեղծությունների «Վերադարձ» ժողովածուն:
Բագրատ Ալեքսանյանը պարգևատրվել է «Մարտական ծառայության» և «Արիության» շքանշաններով։