

Այսօր Իրանում սկսվում է նախագահական ընտրությունների քարոզարշավը, թեկնածուները 6-ն են: Այս վեց թեկնածուները այսպես ասած զտվել են առաջադրված ավելի քան 1600- ից և անակնկալ էր նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադի մերժումը: Իրանագետ Գոհար Տոնոյանը, հետևելով մեր հարավային հարևան երկրում տեղի ունեցող նախընտրական զարգացումներին, եզրակացնում է, որ հիմնականում մրցակցությունը կծավալվի երկու թեկնածուների միջև. «Գործող նախագահ Հասան Ռոհանիի ու Սայեդ Իբրահիմ Ռայիսի միջև»:
Մայիսի 19-ին Իրանում սպասվող նախագահական ընտրություններում, իրանագետ Արտյոմ Տոնոյանի խոսքով, մրցակցություն կծավալվի երեք թեկնածուների միջև՝ գործող նախագահ, բարեփոխական Հասան Ռոուհանիի, և պահպանողականներ Թեհրանի քաղաքապետ Մոհամմադ Բաքեր Կալիբաֆի ու Սայեդ Իբրահիմ Ռայիսի միջև:
Բնական հարց է առաջանում, թե որ թեկնածուի հաղթանակն ավելի կնպաստի հայ-իրանական հարաբերությունների զարգացմանն ու տարածաշրջանային հայանպաստ ծրագրերի իրագործմանը: Իրանագետները միանշանակ մատնացույց են անում պահպանողական հոսանքին հարող թեկնածուն:
«Անգամ ծայրահեղական Ահմադինեջադի նախագահության օրոք հայ-իրանական հարաբերությունները ծաղկեցին, իսկ Ռոուհանին իր նախագահության միայն վերջին տարում այցելեց Հայաստան»:
Այդուհանդերձ՝ Իրանի քաղաքականությունը անձերով պայմանավորված չէ։ Տարածաշրջանային, մասնավորապես Պարսից ծոցը Սև ծովին կապող ծրագրերը Թեհրանի համար մեծ նշանակություն ունեն եւ դրանց իրագործումը խիստ կարևոր է: Սակայն տարանցումը Հայաստանո՞վ, թե՞ Ադրբեջանով հարցի պատասխանը կախված է արդան նաեւ նրանից, թե ով կլինի Իրանի նախագահը։




