Հնդկաստանի փոխնախագահը ԵՊՀ-ում խոսել է Հայոց ցեղասպանությունից


Հնդկաստանի փոխնախագահ Համիդ Անսարին այսօր հանդիպել է նաև ԵՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների հետ, այցելել նաև Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ՝ Մատենադարան:
Հնդկաստանի փոխնախագահ Համիդ Անսարին Հայաստան կատարած եռօրյա պաշտոնական այցի առաջին իսկ օրն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Բարձրաստիճան հյուրը նաեւ եղևնի է տնկել Հիշատակի պուրակում, եղել է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, գրառում կատարել թանգարանի հուշամատյանում: Ապրումները Հնդկաստանի փոխնախագահն այսօր կիսվել է նաեւ ԵՊՀ-ում՝ պրոֆեսորադասախոսական անձնակազմի եւ ուսանողների հետ ունեցած հանդիպման ժամանակ արձագանքելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ հարցին:
«Մարդկանց կողմից այլ մարդկանց սպանությունը կարող է ունենալ միայն մեկ արձագանք և ես այդ մասին գրել եմ հուշահամալիրի պատվավոր հյուրերի գրքում: Սա պատմության մի հատված է, որով ոչ մեկ երբեք չի կարող հպարտանալ: Աշխարհի ցանկացած վայրում անմեղ մարդկամց սպանության մասին երկու կարծիք լինել չի կարող»:
«Այն ինչ տեսա անհնար է բառերով փոխանցել։ Դա ամենասարսափելին է, ինչ կարող է անել մարդը մարդուն: Այն, ինչ տեսա` մշտապես հիշատակում է մարդկային դաժանության մասին»,- հուշամատյանում գրածը փոխանցեց Հնդկաստանի փոխնախագահը:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հուշամատյանում Հնդկաստանի փոխնախագահը նաեւ գրել է. «Այս նյութերը մռայլ վկաներ են այն սարսափելի բռնության մասին, որին ենթարկվել է հայ ժողովուրդը։ Միայն այնպիսի արժեքների շնորհիվ, ինչպիսիք են հանդուրժողականությունն ու փոխըմբռնումը, մենք կարող ենք խաղաղ ու ներդաշնակ ապագայի հույս ունենալ»:
Վաղվա աշխարհի վերաբերյալ իր խոհերով էլ ԵՊՀ-ում ունեցած հանդիպման ժամանակ կիսվեց Հնդկաստանի փոխնախագահ Համիդ Անսարին:
Մայր բուհում արդեն լավ գիտեն, որ Համիդ Անսարիի 80-ամյա կենսագրությունը չափազանց հարուստ է հասարակական, քաղաքական, պետական եւ գիտակրթական ոլորտների ձեռքբերումներով եւ այս հանդիպումն էլ ունի դասի արժեք, ուստի նրա այցին այստեղ անհամբերությամբ էին սպասում: ԵՊՀ միջազգային հարաբերությունների ուսանողների միակ ափսոսանքն էլ այն էր, որ հնդկերեն չեն անցնում.
Բարձրաստիճան հյուրին ներկայացրեց ԵՊՀ պրոռեկտոր Գեղամ Գեւորգյանը:
Հայերիս համար ոչ անհայտ Կալկաթա քաղաքում ծնված Հնդկաստանի փոխնախագահը նույնպես հիշատակեց հայ-հնդկական դարավոր առնչությունները՝ հակիրճ անդրադառնալով նաեւ ծագումով հայերի դերին.
Ես եկել եմ այս երկիրը, որը թեեւ հեռու է Հնդկաստանից, սակայն, հեռու չէ հնդիկների անհատական եւ հավաքական հիշողություններից՝ շեշտեց Հնդկաստանի փոխնախագահը: Այնուհետեւ նա ուսանողների հետ կիսվեց վաղվա աշխարհի վերաբերյալ իր խոհերով: Մենք նշում ենք Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, և նման բարձրաստիճան այցերը կնպաստեն երկրների հետագա հարաբերություններին՝ ասաց նա՝ պատասխանելով ուսանողների հարցերին, այդ թվում՝ հայ-հնդկական հետագա հարաբերությունների վերաբերյալ հայ ուսանողուհու՝ հնդկերեն հնչեցրած հարցին:
Պատասխանն էլ հնդկերեն հնչեց. «Այդ հարաբերությունների խորացման քայլեր արվում են, իսկ առաջին քայլերից մեկն էլ հենց այն է, որ որ դու խոսում ես հնդկերեն եւ հարցն էլ ձեւակերպեցիր հնդկերեն: Մենք նաեւ ունենք ուսանողներ, ովքեր գալիս են Հայաստան եւ ձեր լեզուն արդեն հասցրել են յուրացնել»:
Հանդիպման ավարտին Հնդկաստանի փոխնախագահ Համիդ Անսարիին շնորհվեց ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում: Հայաստանում Հնդկաստանի փոխնախագահին ուղեկցում էին նրա կինը՝ Սալմա Անսարին, միջին և փոքր ձեռնարկությունների նախարար Հիրիռաջ Սինգհը, պատգամավորներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, զանգվածային լրատվության միջոցներ ներկայացուցիչներ: Այսօր ավարտելով Հայաստան այցը՝ Հնդկաստանի փոխնախագահ Համիդ Անսարին մեր երկրից կմեկնի Լեհաստան: