Հասարակություն

Պատմական ակնարկ՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի կառուցման մասին


Ամեն տարի ապրիլի 24-ին բարձրանում ենք Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու թուրքական յաթաղանին զոհ գնացած ավելի քան 1,5 մլն հայերի հիշատակին:  Պատմական ակնարկ ու ականատեսների վկայություն՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի կառուցման մասին:

1965թ՝ ցեղասպանության 50-րդ տարելիցին որոշվեց կառուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը: Որոշումը կայացրեց  ՀՍՍՀ Մինիստրների խորհուրդը՝  մարտի 16-ին:  Հուշահամալիր ճարտարապետները Սաշուր Քալաշյանն ու Արթուր Թարխանյանն են:  Հիշատակի դահլիճը բազալտե տասներկու թեքադիր մույթերով պարփակված տարածություն է. կենտրոնում՝ զոհերի հիշատակի Հավերժական կրակն է:

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը բաղկացած է երեք հիմանական կառույցներից՝ Հավերժության տաճար, «Վերածնվող Հայաստան» հուշասյուն և հուշապատ։ Հավերժության տաճարը 12 քարե սալերն են, որոնք դասավորված են շրջանաձև կորացած դեպի ներս։ 12 թիվը ընտրված է՝ ելնելով երկրաչափական օրենքներից, բայց ժողովուրդը համարում է, որ այդ սյուները խորհրդանշում են Արևմտյան Հայաստանում գտնվող 12 խոշորագույն նահանգները: Զրուցակիցս Երեւանի նախկին փոխքաղաքապետը Վազգեն Պետրոսյանն է, նա մեկն է այն հազարավոր կամավորներից, ովքեր մասնակցել են հուշահամալիրի կառուցմանը:

Հիշում է՝ հուշահամալիրի կառուցման  թույլտվությունը ձեռք էր բերել ՀԿԿ  կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Յակով  Զարոբյանը:

«Սկզբում գումարները շատ քիչ  էին, չէին տալիս, սակայն, ներքին շարժում կար, որ ուսանողները, աշակերտները  գային  աշխատեին: Ու մենք սկսեցինք»:

Մարզերից  ուսանողներն ու  աշակերտները նույնպես մասնակցում էին հուշահամալիրի կառուցման աշխատանքներին: Շատ հաճախ  երիտասարդները նաև գիշերում էին այստեղ.

«Մարդկային կերպարի ձևավորման համար հիանալի միջավայր էր: Էդ բովով անցած մարդկանց մեծ մասը, ում ես գիտեմ, հիանալի մարդիկ դարձան:  Այնտեղ մի հետաքրքիր տեղ կար, նստում էինք ոտքերը կախում ներքև, նայում էինք Մասիսին: Գիշերում էինք, զրուցում, տնեցիք անհանգստանում էին, բայց գիտեին՝ որտեղ ենք»:

Նույն ադ տարիներին աշխատանքներին հետևում էր նաև Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը: Նա  դպրոցական էր, սակայն, հիշում է մանրամասները, օրինակ, ինչպես էին  ապրիլի 24-ին դպրոցի դռները փակվում, որպեսզի աշակետրները Ծիծեռնակաբերդ չայցելեն: Զրուցակիցս  ապրիլի 24-ը բաժանում է մինչև 1975թ ապրիլի 24 և 1975թ-ից  հետո:  Ի դեպ՝ առաջին անգամ Խորհրդային Հայաստանում  բարձրաստիճան պաշտոնյաները Ծիծեռնակաբերդ այցելեցին 1975թ ապրիլի 24-ին՝ առավոտյան ժամը 10- ին։ Այդ տարվանից սկսած ավանդույթը պահպանվում է մինչ օրս: ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն է զրուցակիցս

«Կառուցել էին հուշահամալիրը, բայց այստեղ պետության մոտեցումն էր՝ շատ որոշակի: Ի դեպ, այդ շրջանում սկսվեց ավանդույթը, որը պահպանվում է մինչ այսօր՝ ապրիլ 24-ին պաշտոնյաներն այցելում են Ծիծեռնակաբերդ, տարբերությունը թերևս մեկն ՝ այն ժամանակ հոգևոր այրերը առանձին էին բարձրանում, այժմ՝ բոլորը միասին»:

1992թ դեկտեմբերին Վահագն  Խաչատրյանը նշանակվեց  Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ: Արդեն ի պաշտոնե պետք է ամեն ինչ հավուր պատշաճի կազմակերպել: Հայաստանում գազ չկար, պետք էր անմար կրակն ապահովել: Չկար լուսավորություն, ձայնագրությունները նույնպես պահպանված չէին : 1993թ հունվարից արդեն մտածում էր՝ ինչ անել:

Ձայնագրություններն օրինակ վերականգնվեցին Հանրային՝ այն ժամանակ Ազգային ռադիոյի ոսկե ֆոնդի  շնորհիվ, գտան ելքն ու նաև 1993թ կարողացան անմար  պահել նաև հուշահամալիրի կրակը:

Ստացվեց՝ 1993-ին գազ ու լույս չունեցող Հայաստանում կրկան անմար պահեցին:

1994-ի ապրիլի 24-ին էլ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անմար կրակը նույն տրամաբանությամբ վառ պահվեց, հետո արդեն՝ 1995թ-ից աստիճանաբար խնդիրը լուծվեց: Մինչ այժմ՝ ամեն տարի՝ ապրիլի24-ին բարձրանում ենք Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցելու   ավելի քան 1,5 մլն հայերի հիշատակին:

Back to top button