Այս ընտրություններում ևս լրատվամիջոցները թեկնածուների նկատմամբ խտրական վերաբերմունք չեն դրսևորում
Նվարդ Դավթյան
«Ռադիոլուր»
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն այսօր ներկայացրել է Հայաստանի հեռարձակվող ԶԼՄ-ներում 2013 թվակնաի նախագահական ընտրությունների լուսաբանման մշտադիտարկման միջանկյալ հաշվետվությունը, որը վերաբերում է հունվարի 14-ից փետրվարի 3-ն ընկած ժամանակահատվածին: Բորիս Նավասարդյանն ասել է, որ այս ընտրություններում ևս հեռարձակող լրատվամիջոցները թեկնածուների նկատմամբ խտրական վերաբերմունք չեն դրսևորում:
«Մենք կապվել ենք թեկնածուների շտաբերի հետ, լսել նրանց դժգոհությունները և համեմատել դրանք իրական եթերի հետ: Դժգոհությունները շատ քիչ էին, ավելի շատ վերաբերում էին թեկնածուների պատկերացումներին, թե ինչպես պետք է իրենց լուսաբանեին, այլ ոչ թե պարտադիր կիրառվող նորմերին»,-ասել է Բորիս Նավասարդյանը:
Նախընտրական քարոզչության առաջին երկու շաբաթներին մրցապայքարին առավել մեծ ուշադրություն են հատկացրել «Արմնյուզ» հեռուստաընկերությունն ու «Արմռադիոն», իսկ նախընտրական քարոզչությանը նախորդած վերջին շաբաթվա ընթացքում` «Արմռադիոյի» հետ միասին առաջատար են Հայաստանի հանրային ռադիոն, «Արմենիա» և «Հ2» հեռուստաալիքները: «Երկիր Մեդիան» և «Կենտրոն»-ը իրենց ակտիվությամբ հետ մնացել նշված երկու ժամանակահատվածում էլ: Բորիս Նավասարդյանի խոսքով`դա կարելի է բացատրել ներկայիս ընտրությունների նկատմամբ տվյալ հեռուստաընկերությունների սեփականատերերի հետաքրքրության նվազմամբ:
«Պարույր Հյարիկյանի հետ կապված միջադեպը մեծ դեր խաղաց լուսաբանման առումով: Ուշադրության ցուցակում նա ակնհայտ լիդեր է : Խոսքը մինչև փետրվարի 3-ն ընկած ժամանակահատվածի մասին է: Փետրվարի 1-3 –ը Պարույր Հայրիկյանին անդրադարձները կազմել են նախընտրական քարոզչության առաջին երկու շաբաթներին նրան նվիրված նյութերի մոտ կեսը, իսկ եթերաժամանակի ծավալը` նույն այդ ժամանակահատվածում նրան հատկացված ամբողջ եթերի գրեթե երկու երրորդը: Բայց դա ինչ որ առումով կարելի է բնական համարել»:
Նշենք, որ Երևանի մամուլի ակումբը դիտարկել է 6 համազգային հեռուստաալիքի` Հ1-ի, Հ2-ի, Արմենիայի, Երկիր Մեդիայի, Կենտրոնի և Շանթի, մայրաքաղաքային Արմնյուզ հեռուստաալիքի, ինչպես նաև Հայաստանի հանրային ռադիոյի և Արմռադիոյի աշխատանքը: