

Սահմանադրական հին ու նոր կարգավորումները ստեղծել են մի իրավիճակ, երբ նոր՝ 6-րդ գումարման խորհրդարանն արդեն ձևավորված է, իսկ նախորդը դեռևս չի ավարտել աշխատանքը: Նոր գումարման Ազգային ժողովի առաջին նիստի օրն առայժմ հայտնի չէ և պայմանավորված է ՍԴ որոշմամբ: Արդեն տեղեկացրել ենք, որ Կոնգրես-ՀԺԿ դաշինքը Սահմանադրական դատարան ներկայացված դիմումով վիճարկում է խորհրդարանական ընտրությունների օրինականությունը: Իսկ քանի դեռ ընտրությունների արդյունքները վիճարկվում են, նշանակում է՝ նոր ԱԺ-ն ձևավորված չէ: Ուստի նոր գումարման մեկնարկը կտրվի ՍԴ վճռի հրապարակումից հետո 3-րդ հինգշաբթի օրը: Այս դեպքում արդեն կոնկրետ օր նշել հնարավոր չէ, քանի որ դեռևս հայտնի չէ, թե երբ ՍԴ-ն որոշում կկայացնի: Հայտնի է միայն, որ մեկնարկի առավելագույն ժամկետը մայիսի 18-ն է, քանի որ Սահմանադրական դատարանն առավելագույնը 15 օր ունի դիմումը քննելու համար: Ու քանի դեռ նոր գումարման աշխատանքի մեկնարկը տրված չէ, հիշենք , թե ինչպես է աշխատել նախորդ գումարման խորհրդարանը:
«Հարգելի պատգամավորներ, խնդրում եմ զբաղեցնել տեղերը: Նիստը սկսվում է»:
Այս հրավերը ԱԺ նիստերի դահլիճում հնչեց մի քանի քառօրյա շարունակ և այդպես էլ անպատասխան մնաց: Ոչ մարտին , ոչ ապրիլին նախատեսված նիստերը չկայացան ՝ քվորում չլինելու պատճառով: Այս հինգշաբթի ԱԺ փոխնախագահն արդեն գրեթե պաշտոնապես հրաժեշտ տվեց 5-րդ գումարման խորհրդարանի իր գործընկերներին՝ դահլիճում ներկա մոտ 1 տասնյակ պատգամավորներին դիմելով այսպես:
«Հարգելի պատգամավորի պարտականությունը հարգող իմ գործընկերներ»:
Նոսրացող շարքերով նիստերի դահլիճում էլ Հերմինե Նաղդալյանը փորձեց ամփոփել 5-րդ գումարման ԱԺ-ի գործունեության անցած 5 տարիները: ԱԺ փոխնախագահը կարծում է, որ 5-րդ գումարման խորհրդարանն իր ներդրումն է ունեցել երկրի ու պատկանության զարգացման գործում:
«Այս դահլիճում մենք բավական բանավեճեր ենք ունեցել, սկզբունքների, կարծիքների բախումներ ենք ունեցել, օրենքներ ենք ընդունել, և կարծում եմ, որ կարող ենք ասել՝ 5-րդ գումարման խորհրդարանն իսկապես իր ներդրումն ունեցել է մեր երկրի զարգացման գործում, երկրի կյանքում»:
Հնգամյա գործունեության թվային պատկերն այսպիսին է: 5-րդ գումարման խորհրդարանն ընդունել է 1078 օրենք: Դրանցից 995-ի կամ 92%-ի հեղինակը կառավարությունն է, 83-ինը կամ 8 %-ինը՝ ԱԺ պատգամավորները: Այլ կերպ՝ յուրաքանչյուր 10 օրենքից 9-ը գրել է կառավարությունը: Ընդունված 1078 օրենքների մոտ կեսը՝ 544-ը, ընդունվել է արտահերթ նիստ-նստաշրջանների ընթացքում: 645 օրինագիծ քննարկվել է հատուկ կարգով՝ 24-ժամյա ռեժիմով: Սա էլ նշանակում է , որ ամեն երկրորդ օրենք ընդունվել է արտահերթ ընթացակարգով:
Այս վիճակագրությունը մտահոգիչ են գնահատում 5-րդ գումարման ողջ ընթացքում ընդդիմության դիրքերից հանդես եկած քաղաքական ուժի՝ ՀԱԿ-ի ներկայացուցիչները: Մասնավորապես Արամ Մանուկյանը կարծում է, որ 5-րդ գումարման Ազգային ժողովը իր գործունեության 5 տարիներին ձևավորել է այնպիսի ավանդույթներ, որոնք իշխանությունների հակակշռման և հավասարակշռության բալանսում զգալիորեն թուլացրել են օրենսդիր մարմնի կշիռը:
«Այս ցուցանիշները մի բան են ասում ՝թե ինչպիսին պետք է չլինի հաջորդ գումարման խորհրդարանը»:
Ի դեպ, տարբեր են ոչ միայն խորհրդարանի ընդհանուր գործունեությանը , այլ նաև սեփական աշխատանքին տրվող գնահատականները: Պատգամավորների մի մասը կարծում է, որ արել է առավելագույնը: Մի մասը խուսափում է իր աշխատանքը գնահատելուց: Մի մասն էլ փորձում է բացատրել, թե եթե ինչ որ բան չի հաջողվել, ապա ինչու: Լսենք, օրինակ, նախորդ գումարման խորհրդարանում մեծամասնական ընտրակարգով ընտրված Էդմոն Մարուքյանի և Սամվել ֆարմանյանի ինքնագնահատումները:
Ի դեպ, նախորդ գումարման խորհրդարանը ամենաշատը փոփոխել է պետաիրավական ոլորտի օրենսդրությունը: Երկրորդը տնտեսական ոլորտն է, երրորդը՝ հարկայինը: Հարկային, մաքսային, տուրքերի և պետական վճարների մասին օրենսդրությունն ընդհանուր առմամբ փոփոխվել է շուրջ 200 անգամ։51 օրենք գումարման ընթացքում փոփոխվել է 5-ից ավելի անգամ կամ տարեկան առնվազն 1 անգամ:
Ամենաքիչը փոփոխվել է գիտությանը և մշակույթին վերաբերող օրենսդրությունը:




