

131-ից առավելագույնը 16 պատգամավոր էր այս շաբաթ ներկայանում աշխատանքի՝ ԱԺ քառօրյա նիստերում աշխատելու համար: Քվորումի բացակայության պատճառով այս շաբաթ նիստերը չկայացան: Որոշ գնահատականների համաձայն, այն վերջինն էր 5-րդ գումարման խորհրդարանի համար: Հեռացող ԱԺ- ն աչքի ընկավ մի շարք հիմնարար օրենքների մշակմամբ եւ ընդունմամբ: Դրանց թվում են նոր Սահմանադրությունը, նոր Ընտրական օրենսգիրքը, ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխությունը, Հարկային օրենսգիրքը: Այսօր, ըստ էության նաեւ վերջին ճեպազրույցներն էին խորհրդարանում: 5-րդ գումարման Աժ-ում ներկայացված 6 ուժերից ընդամենը երկուսը ասելիք ունեին, մնացածն այլեւս չեն կարեւորում ճեպազրույցներին ներկայանալը եւ ըստ էության՝ խորհրդարանական ընտրություններից հետո այլեւս որեւէ ասելիք չունեն:
Հրաժեշտի խոսքեր այսօր շտապեց ասել հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: ՀԱԿ խմբակցությունից գործընկեր Արամ Մանուկյանն այլ հաշվարկներ ունի:
«Իմ ժամկերտը ավարտվում է մայիսի վեցին»:
Հիշեցնենք՝ այս ժամկետների առումով հին ու նոր Սահմանադրություններն իրար հակասում են: Փաստացի ստացվել է այնպես, որ գործող խորհրդարանի ժամկետը դեռ չավարտված նորի աշխատանքային օրերն են նշանակվում: Թեեւ այստեղ կա խնդիր՝ ՀԱԿ-ը ՍԴ-ում վիճարկում է խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Մինչեւ դատարանը որոշում չկայացնի՝ նոր խորհրդարանը չի կարող գումարել իր առաջին նիստը: Իսկ այստեղ հաշվարկները հետեւյալն են. ՍԴ-ում գործը քննելու եւ որոշում կայացնելու համար վերջնաժամկետը ապրիլի 29-ն է: Եթե որոշումը կայացնի հենց այդ օրը, ապա դրանից հետո երրորդ հինգշաբթի օրը՝ մայիսի 18-ին տեղի կունենա նոր ԱԺ առաջին նիստը: Բայց եթե ՍԴ-ն որոշում կայացրեց ապրիլի 29-ից ավելի շուտ, ասենք ապրիլի 21-ին, ապա հենց այդ օրվանից պետք է հաշվարկել 3-րդ հինգշաբթի օրը:
Այս պահին ինտրիգը ոչ միայն ՍԴ-ում, այլեւ հենց խորհրդարանում եւ քաղաքական ուժերի ներսում է: Երեկվանից, օրինակ, համացանցում տարածում է ստացել մի ձայնագրություն, որտեղ ընտրողներին, ըստ էության, ահաբեկում են, սպառնում եւ նվաստացնում: Ձայնագրությունն արվել է «SAS գրուպ»-ի աշխատողների հետ հանդիպման ժամանակ, որի ընթացքում նրանց հանձնարարվել է ձայներ ապահովել ռեյտինգային ընտրակարգով առաջադրված հանրապետական կուսակցության անդամ Արտակ Սարգսյանի համար:
Եվ այսպես 39 րոպե 43 վայրկյան ձայնագրություն, որտեղ հնչում են անուն-ազգանուններ, ինչը պետք է որ հեշտացնի ասենք՝ իրավապահների աշխատանքն իրականությունը բացահայտելու համար: Արդյո՞ք այս ձայնագրությունը բավարար կլինի 2- րդ ընտրատարածքում ընտրությունների արդյունքը անվավեր ճանաչելու համար։ Հարցին դժվարանում է պատասխանել նույն ընտրատարածքում ռեյտինգային ընտրապայքարում պարտված պատգամավոր Արամ Մանուկյանը: Հստակ ասում է՝ ՍԴ-ում սա քննարկման առարկա կդառնա, իսկ մնացած զարգացումներն ընդունում է հումորով:
Համացանցում տարածքում գտած ձայնագրության մասին հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին տեղեկացրել են, կուսակցության ներսում ինչ կորոշվի այս հարցի առնչությամբ դեռ չի կարող ասել, քանի որ անձամբ էլ դեռ չի լսել:
Խորհրդարանական ընտրություններին ռեյտինգային ընտրապայքարի մեջ էր մտել նաեւ հենց Վահրամ Բաղդասարյանը: Իր ընտրատեղամասում բացառեց ահաբեկումները: Հնարավո՞ր է, որ մի օր էլ իր մասնակցությամբ նման ձայնագրություն հրապարկվի հարցին, Բաղդասարյանը պատասխանեց, որ երբ նման բան կլինի, ինքն ի վիճակի է տալ այդ հարցերի պատասխանները:




