
Հայկական ծագում ունեցող ֆրանսիացի աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը ապրիլի 5-ին Մոսկվայում կայանալիք իր մենահամերգի նախաշեմին հարցազրույց է տվել «Չաստնիյ կորրեսպոնդենտ» պարբերականին՝ անդրադառնալով մի շարք անձնական թեմաների:
«Ինձ և իմ քույր Աիդային դաստիարակել են այնպես, որպեսզի միշտ ցանկություն ունենանք ուրիշներին օգնելու: Ցեղասպանությունից մազապուրծ եղած մեր ծնողների ճակատագիրը և վարվելակերպը մեզ համար օրինակ են ծառայել: Նրանք հաճախ էին հիշում իտալացի կապիտանի խիզախությունը և բարիությունը, որը փրկել է նրանց Կոնստանդնուպոլսից փախչելիս: Նրանք արդեն նավի վրա էին, երբ թուրք զինվորներից մեկը հայերեն խոսք է լսում և վազում է նրանց հետևից: Բայց նավի կապիտանը պաշտպանում է ծնողներիս: Կարծում եմ, որ նրանց հաջողվել է փրկվել շատ մարդկանց օգնության և բարության շնորհիվ, ուստի նրանք իրենք միշտ փորձել են օգնել բոլորին»,- ասել է Ազնավուրը:
«Ըստ ամենայնի, իմ ամբողջ կյանքը հաղթանակ է ինքս իմ հանդեպ: Ես զրոյից եմ սկսել, ինքս եմ ստիպված եղել ամեն ինչ սովորել. երաժշտություն, գրականություն, դերասանի վարպետություն: Այդ ժամանակներում ուսումը վճարովի էր, իսկ մեր ընտանիքի հնարավորությունները սուղ էին, այդ պատճառով ստիպված եմ եղել շուտ լքել դպրոցը: Այդ պահից ի վեր կյանքում ամեն ինչի հասել եմ ինքնուրույն»,- ասել է Ազնավուրը:




