

Վաղը իրանալեզու և թուրքալեզու ժողովուրդները տոնում են Նովրուզը՝ Նոր տարին: Գարնանային գիշերահավասարը խորհրդանշում է բնության զարթոնքը: Եվ հենց այս օրերին է, որ մեծանում է իրանցի զբոսաշրջիկների հոսքը դեպի Հայաստան: Նրանց հոսքը, ըստ պատասխանատուների, տարեցտարի ավելանում է, ընդ որում՝ ոչ միայն այս օրերին: Ինչպես են Հայաստանում դիմավորում իրանցի զբոսաշրջիկներին, ինչպես են նրանք իրենց զգում այստեղ:
Այս օրերին Երևանում ու ոչ միայն իրանցի զբոսաշրջիկների պակաս չկա, ամեն քայլափոխի նրանք շրջում են խմբերով: Ոգելից խմիչքների շշերով տղամարդիկ, իրանցի կանայք՝ անգամ ծխախոտով ու առանց գլխաշորերի: Այստեղ նրանք ազատ են, երբեմն փողոցում կարող են իրենց թույլ տալ ավելին, հատկապես տղամարդիկ ոչ պատշաճ վարքագիծ կարող են ցուցաբերել: Այս օրերին իրանալեզու և թուրքալեզու ժողովուրդները տոնում են Նովրուզը։ Այն պարսկերենից թարգմանաբար նշանակում է նոր օր։
Գառնի, Գեղարդ, Սևան, Ծաղկաձոր. սրանք ավանդական տեսարժան վայրերն են, ուր նախընտրում են այցելել իրանցի զբոսաշրջիկները:
Զրուցակիցս՝ Օրքիդեն, առաջին անգամ չէ Հայաստանում:
Ընդհանուր առմամբ՝ գոհ է, սակայն ավելի ջերմ ընդունելության ակնկալիքներ ունի.«Քանի որ ձեր երկիրը նորանկախ է, տուրիզմի փորձառությունն էլ շատ մեծ չէ: Ես այլ երկրներում ևս եղել եմ, նրանց համեմատ ձեզ մոտ փորձը պակասում է: Անգլերենի իմացությունն էլ սպասարկման կենտրոններում ավելի լավը կարող էր լիներ»:
Նրա այս հայտարարությանն անուղղակի, սակայն, ըստ էության արձագանքում է Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը: Նա կարծում է, որ իրանցի զբոսաշրջիկները Հայաստան են գալիս մեր երկիրը տեսնելու համար:
«Ասենք, որ Փարիզ են գնում, ի՞նչ են անում իրենք, անգլերեն կարդում են չէ՞ մենյուն: Ես որ հիմա գնամ այնտեղ, ինձ էլ այնտեղ ոչ ոք չի դիմավորի: օն-լայն «application» ունեմ, կդնեմ էդ տեքստի վրա, կթարգմանեմ»:
Երևանի քաղաքապետարանը Նովրուզի տոնին ընդառաջ մի շարք միջոցառումներ է կազմակերպել։ Ավելին՝ զրուցակցիս խոսքով, իրենք էլ անում ամեն ինչ՝ զբոբաշրջիկներին ըստ պատշաճի դիմավորելու համար:
Տուրիստական գործակալություններից մեկի տնօրեն Արամ Բլեյանը նկատում է՝ այս օրերին մոտ 20 տոկոսով հյուրանոցային ծառայությունների գներն են բարձրանում, սակայն սա միայն Նովրուզով չէ պայմանավորված, այլ՝ ավելի շատ զբոսաշրջային սեզոնի մեկնարկով: Իսկ իրանցի զբոսաշրջիկներին առաջարկվող փաթեթների գները տարբեր են։ Հիմնականում նրանք օգտվում են հյուրանոցային ծառայություններից, ավիատոմսերն զբոսրջիկներն իրենք են գնում՝ ասում է զրուցակիցս.«Միջինը, որ հաշվում ենք, մոտ 1000 դոլար՝ 400-500 հազար դրամ է մեկ իրանցի զբոսաշրջիկը թողնում Հայաստանում ՝ 5-7 օր այստեղ անցկացնելու համար»:
Հանրապետության հրապարակում, Հյուսիսային պողոտայում իրանցի զբոսաշրջիկների պակաս չկա: Նրանք տպավորված են Հայաստանով.
«Հայերը շատ լավն են, իսկ Երևանը ամենալավ քաղաքներից մեկն է, որտեղ կարելի է հաճելի ժամանակ անցկացնել: Այստեղ կան լավ ռեստորաններ, սրճարաններ և ժամանցի վայրեր: Երևանի ամենագրավիչ վայրերից մեկն էլ Կասկադն է: Մյուս վայրը, որը ես կցանկանայի այցելել, Ազգային պատկերասրահն է»:
Թե Հայաստանով իրանցիների որ տոկոսն է մեկնում Վրաստան, Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահն այս պահին դժվարանում է ասել։ Արդյունքները խոստանում է ամփոփել ամսվա վերջին միայն:




