

Այսօր տեղի է ունեցել Հայաստանի ԳԱԱ-ի տարեկան ընդհանուր Ժողովը, որին մասնակցել է նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը: Երկրի ղեկավարը պատասխանել է գիտնականներին հետաքրքրող մի շարք հարցերի:
Նախագահ Ակադեմիայում այսօր ելույթ չունեցավ, սակայն պատասխանեց գիտնականներին հուզող հարցերին:
«Հաշվի առնելով երկրի քաղաքական կյանքում տեղի ունեցող իրադարձությունները՝ ես որոշել եմ ելույթ չունենալ, բայց այնուհանդերձ կպատասխանեմ հարցերին և խնդրում եմ, որ պատասխաններս չընկալվեն որպես քարոզչություն»:
Երկրի ղեկավարին ուղղված հարցերից մեկը վերաբերում էր հետազոտական սարքավորումների արդիականացմանը, որին ի պատասխան նախագահն ասաց.
«Ակնհայտ է՝ եթե ժամանակակից չէ, ոչ լիարժեք է սարքավորումը, գիտական գործունեություն ծավալել հնարավոր չէ, բայց որքանով տեղյակ եմ՝ տրվող ֆինանսավորման մեջ հաշվի են առնվում սարքավորումները: Եթե խոսքը գնում է կոնկրետ գումարի մասին, ապա գիտահետազոտական ինստիտուտը պետք է ծրագիր ներկայացնի լրացուցիչ ֆինանսավորման համար»:
Նախագահին տրված հաջորդ հարցը վերաբերում էր ԳԱԱ-ին ուղղված քննադատությանններին. «Որևէ մեկն ապահովագրված չէ քննադատությունից և զերծ չէ, կարծում եմ՝ այս երկրում ամենաքննադատվող կառույցը նախագահականն է, ամենաքննադատվող անձը ես եմ: Դրանից ոչ ոք հաճույք չի ստանում, միայն կարող է մազոխիստները հաճույք ստանալ»:
Երկրի ղեկավարը հավելեց, որ համամիտ չէ այն դիտողության հետ, թե ԳԱԱ-ն իրեն սպառել է եւ Հայաստանին պետք չէ:
«Ես չեմ կիսում այդ մոտեցումը, եթե այդ տեսակետը կիսեի, ապա քայլեր կձեռնարկվեին։ Ուղղակի պետք է օպտիմալացնել այն մասը, որտեղ արդյունք չկա: Մեր կողմից նման մոտեցում չի եղել և չի լինելու»:
Անդրադառնալով ԳԱԱ-ին քննադատողներին՝ Սերժ Սարգսյանն ասաց, որ հիմա անցումային ժամանակահատված է, մարդիկ խոսում են թեմաներից, որից գաղափար չունեն։ Նույնն է գիտության ոլորտում: Հորդորեց լինել հանդուրժող եւ ակտիվություն ցուցաբերել ու խոսել հաջողությունների մասին եւ սեփական տեսակետները պաշտպանել:




