

Գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին ընդառաջ՝ կառավարությունն այսօր հաստատել է «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագիրը»: Սա արտոնյալ պայմաններով գյուղտեխնիկայի տրամադրում է նախատեսում՝ 20 տոկոս կանխավճարի պարագայում իհարկե: Մանր տնտեսությունները նոր տեխնիկա ձեռք բերելու համար կամ պետք է միանան, կամ պետք է այն վարձով ձեռք բերեն ավելի խոշորներից: Մատչելի գնով պարարտանյութ տրամադրելու ծրագիրը նույնպես օրակարգում է:
Խորհրդային տարիներից ժառանգություն մնացած գյուղտեխնիկան Հայաստանում դեռ թարմացված չէ: Ու պատահական չէ, որ ցանկացած գյուղ այցելելիս գյուղացիներին հուզող առաջին հարցը շարունակում է մնալ այդ տեխնիկայի մաշվածությունը:
Հայաստանում աստիճանաբար գյուղտեխնիկան կթարմացվի: Կառավարությունն այսօր հաստատեց դրա ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագիրը: Սա նոր ծրագիր է, որը մասնավոր տնտեսություններին հնարավորություն կտա լիզինգով գյուղտեխնիկա ձեռք բերել: Այս դեպքում գյուղացին 20 տոկոս կանխավճար պետք է վճարի ու տեխնիկան ձեռք բերի 2 տոկոս տոկոսադրույքով: Ծրագիրը կյանքի է կոչվում պարարտանյութի տրամադրումից տնտեսված գումարների հաշվին։ Խնայված 2,2 մլրդ դրամից 120 մլն- ը կուղղվի վարկերի սուբսիդավորմանը: Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյան.«Կան ընկերություններ, որոնք 9 տոկոսով կտրամադրեն, որից յոթ տոկոսը կսուբսիդավորի պետությունը»:
Պետական աջակցության շրջանակներում գյուղացիներին տրամադրվող պարարտանյութի տրամադրման ծրագրում նույնպես փոփոխություններ են կատարվել: Այն ձեռք կբերվի՝ կանխիկ վճարման դեպքում, կառավարությունն էլ նախապես մատակարար ընկերություններին կանխավճար չի վճարի: Նախկինում կուտակված պարտքերը մանրամասն կուսումնասիրվեն։ Վարչապետ Կարեն Կարապետյանը չբացառեց:
Հիշեցնենք, Կարեն Կարապետյանի կառավարությունը փորձում է հնարավոր ամեն ինչ անել՝ գյուղատնտեսությունը բիզնեսի վերածելու համար:




