

Նախընտրական խոստումներից իրականություն. անվտանգության եւ բանակի խնդիրներ. ի՞նչ են առաջարկում խորհրդարանական ընտրություններին մասնակից քաղաքական ուժերն ու դաշինքներն այս ոլորտների խնդիրների լուծման ուղղությամբ:
Անվտանգության եւ պաշտպանության խնդիրներն Ազատ դեմոկրատներ կուսակցության ծրագրի առյուծի բաժինն են զբաղեցնում: Կուսակցության պատգամավորության թեկնածու Ստեփան Սաֆարյանի փոխանցմամբ՝ տնտեսական խնդիրներից զատ իրենք մատնանշել են, որ կարող են ստվերից 800-ից մինչեւ 1 մլրդ դոլար վերադարձնել բյուջե եւ լուծել անվտանգության ու բանակի շատ խնդիրներ.
«Կրկնապատկելու ենք պաշտպանության ոլորտի ծախսերը: Սա նշանակում է եւ աշխատավարձեր, եւ ընդհանրապես սպառազինությունների վրա ծախսվող գումարներ»:
Ազատ դեմոկրատները նախատեսում է վերանայել մի շարք պայմանագրեր, որոնք, ըստ իրենց, սահմանափակում են Հայաստանի ինքնիշխանությունը: Ներկայացնելով Ազատ դեմոկրատների մի քանի ծրագրային դրույթները՝ Ստեփան Սաֆարյանը հետեւյալ կերպ ամփոփեց.
«Մեր ելակետը հետեւյալն է՝ բանակը պիտի զսպող գործոն լինի, այլ ոչ թե քաղաքականություն իրականացնող: Քաղաքականությունն է, որ պետք է հանդիսանա պատերազմի շարունակությունը այլ միջոցներով եւ խնդիրը չթողնի զինվորի բազկի ուժին»:
Դաշնակցության համար չկա առանձին Արցախի խնդիր: Կուսակցությունը այն դիտարկում է Հայ դատի բաղադրամաս եւ այդ առումով ծրագրային դրույթներն ուղղում բանակի մարտունակության եւ պատրաստվածության ամրապնդման խնդրին: Այս մասին շեշտեց կուսակցությա պատգամավորության թեկնածու Արթուր Եղիազարյանը:
«Մեր պաշտպանվածությունը կարող է ապահովել միայն ուժեղ բանակը, հետեւաբար՝ պետք է վարանայել ընդհանրապես մեր բանակի ռազմավարությունը, մոտեցումները: Խաղաղություն մենք կարող ենք հարկադրել լավ պատրաստված լինելով: Մենք ձգտում ենք խաղաղության, բայց որպեսզի հակառակորդը վտանգ չսպառնա մեզ, մենք պետք է ունենանք հզոր բանակ: Այս ամենը մենք դիտարկում ենք ազգ-բանակ կոնցեպցիայի շրջանակում»:
Մարտավարությունն էլ պետք է պաշտպանությունից անցնի պատժիչ-կանխարգելիչի՝ հավելեց դաշնակցության պատգամավորության թեկնածուն: Ըստ Դաշնակցության՝ դա է այն մոդելը, որով կարող ենք Ադրբեջանին հարկադրել, որ նա չփորձի խնդիր լուծել ռազմական ճանապարհով: Այս մոտեցումներից էլ բխում են կուսակցության ծրագրային առաջարկներն այս ոլորտում՝ պարզաբանեց Արթուր Եղիազարյանը: Պաշտպանություն եւ բանակ ուղղություններով «Ելք» դաշինքի ծրագրային մոտեցումների մասին խոսեց դաշինքի կողմից պատգամավորության թեկնածու Վիկտոր Ենգիբարյանը: Ասաց, որ արտաքին անվտանգության մարտահրավերների լուծման հարցում կարեւորում են ներքին անվտանգության խնդիրները:
«Կոռուպցիան մենք համարում ենք ազգային անվտանգության սպառնալիք: Մենք ապրիլին համոզվեցինք, որ կոռուպցիան կարող է վերածվել արյան: Տնտեսական զարգացումը եւս պետք է դառնա թիկունք բանակում եւ արտաքին անվտանգության հարցերը լուծելու ճանապարհին: Ժողովրդավարությունը եւս անվտանգության մարտահրավերներ են, որոնք պետք է լուծենք առաջիկա տարիներին: Արցախի հետ կապված՝ մենք կարծում ենք, որ հայաստանը պետք է վերականգնի ռազմական հավասարակշռությունը Ադրբեջանի հետ: Այսպիսով, անվտանգության խնդիրը մենք պետք է լուծենք մեր երկրի ներսում՝ հզորացնելով մեր բանակը»:
ՀԱԿ-ՀԺԿ դաշինքից Արամ Մանուկյանը կարծում է, որ այս շրջանում գերակայում են իրականությունից կտրված ցանկությունները: Մինչդեռ, իրենց ծրագիրը խոստումներ չեն, իրատեսական են եւ պարզ.
« Ընդամենը պետք է պատասխանել մեկ պարզ հարցի՝ մենք համաձայն ենք եռանախագահության՝ գերտերությունների 20 տարվա արդյունքում առաջարկած ծրագրին: Պատասխանը պարզ է՝ «այո» կամ «ոչ»: Բոլոր քաղաքական ուժերը միայն դրա պատասխանը պետք է ասեն, որից բխում է բոլոր մնացած հարցերը, որոնք իմ գործընկերները ասացին: Համաձա՞յն ենք բանակցային գործընթացում մեզ ներկայացված առաջարկին, թե՞ ոչ: «Այոն» էլ է լուծում, «ոչ»-ն էլ է լուծում: Մենք ասում ենք՝ ճիշտը «այո» պատասխանելն է»:
Մնացածը պետք է ասեն, որ իրենք համաձայն չեն եւ վերջ. հիմնավորեն եւ ընտրություններին գնան այդ ճանապարհով՝ հավելեց Արամ Մանուկյանը: Հարցի վերաբերյալ Հանրապետական կուսակցության մոտեցումներն այսօր ներկայացրեց կուսակցության ցուցակով պատգամավորության թեկնածու, նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը:
«ՀԱԿ-ն ասում է, որ եկեք փորձենք քայլեր անել, որ դիմացինին դրդենք խաղաղության, Հանրապետականն ասում է, որ դիմացինին պետք է պարտադրել խաղաղությունը: Երկուսն էլ խոսում են խաղաղության մասին, երկուսն էլ խոսում են անվտանգ զարգանալու հեռանկարների մասին: ՀԱԿ-ը խիստ կասկածում է, որ մենք ռեսուրսներ կարող ենք ունենալ, որ պարտադրենք եւ ասում է՝ եկեք քայլ կատարենք, որ դիմացինին կդրդի գնալ խաղաղության – ես կասկածում եմ: Հանրապետականն ասում է՝ ոյո, ամենամեծ անկյունաքարային խնդիրը անվտանգությունն է, մեկ տարբերությամբ՝ այն պետք է պարտադրել»:
Հասկանալի է, որ անվտանգությունը նախեւառաջ ենթադրում է ծախսեր՝ տնտեսական զարգացման ճանապարհով: ՀՀԿ-ն իր ծրագրով ապահովում է անվտանգության անշրջելի երաշխիքներ՝ շեշտեց Խոսրով Հարությունյանը: Որեւէ այլ կուսակցություն, նրա խոսքով, նման հստակ երաշխիք չի տալիս:




