
Ռուսաստանը կշարունակի միջնորդական առաքելությունը՝ ուղղված արցախյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանն անհրաժեշտ է համարում հակամարտությունը կարգավորել մոտեցումների հիման վրա, որոնք շարադրված են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարություններում. դրանց համաձայն հակամարտությունը ուժային լուծում չունի:
«Եռյակի հետ համաձայնեցված մոտեցումների շրջանակներում կշարունակվեն նաև Ռուսաստանի ինքնուրույն ջանքերը՝ հաշվի առնելով սերտ հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ, ինչը թույլ է տալիս կարծիքներ փոխանակել առանցքային հարցերի վերաաբերյալ»,-ասել է Զախարովան՝ հիշեցնելով արցախյան հակամարտության կարգավորման հարցում ռուսական ձեռքբերումների մասին:
«Հենց Ռուսաստանն է զգալի դերակատարում ունեցել անցած տարվա ապրիլի սկզբին ծավալված լայնամասշտաբ ռազմական գործողությունների դադարեցման գործում՝ Մոսկվա հրավիրելով Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր շտաբերի հրամանատարներին»,-հավելել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը:




