

ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի ժողովրդավարության զարգացման մոնիտորինգի միջազգային ինստիտուտի երևանյան մասնաճյուղն այսօր քննարկում է հրավիրել ընտրական օրենսդրության ու նոր դրույթների շուրջ: Հայ և ռուս մասնագետները խոսել են Ընտրական օրենսգրքի նորամուծությունների, դրական ու բացասական կողմերի մասին: Այն հարցում, որ օրենսգիրքը բավական բարդ է ու խճճված, ռուս փորձագետները համաձայնել են, բայց առաջարկել են հարցը դիտարկել հակառակ կողմից ՝ որքան մանրամասն ու մասնագիտորեն է շարադրված տեքստը, այնքան փոքր է երկակի մեկնաբանությունների դաշտը:
ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի ժողովրդավարության զարգացման մոնիտորինգի միջազգային ինստիտուտի տնօրեն Դմիտրի Գլադեյի կարծիքով՝ Հայաստանի ընտրական համակարգը առավել ստաբիլ է, քան օրինակ Ռուսաստանի Դաշնությանը: Նոր օրենսգիքրը սակայն, ռուս փորձագետի գնահատմամբ, մեծածավալ նորամուծություններ է առաջարկում:Խորհրդարանական ընտրակարգին անցնելը, նախագահական ընտրություններից հրաժարվելը, տարածքային ցուցակները փոփոխություններ են, որոնք առանցքային են քաղաքական համակարգի համար: Ռուս փորձագետը հույս ունի, որ Հայաստանը կկարողանա հաջողությամբ կիրառել նորամուծությունները: Նույն ակնկալիքն ունի նաև նույն ինտիտուտոի փորձագետ Ալեքսեյ Կարցովը, ում գնահատմամբ՝ այս ընտրությունները Հայաստանի համար բացառիկ կարևորություն ունեն. դրանցով, ըստ էության, ընտրական գործընթացը մտնում է՝ նոր, դեռևս չփորձարկված փուլ:
«Ընդհանուր առմամբ սահմանադրական փոփոխությունների հիման վրա 2016-ին մշակված Ընտրական նոր օրենսգիրքը Հայաստանի ընտրական պատմության մեջ նոր էջ է բացում: Լուրջ փորձաշրջան է սպասվում ապրիլի 2-ին: Կարծում ենք ՝ օրենսգիքրը հաջողությամբ կանցնի խորհրդարանական ընտրությունների քննությունը»:
Ռուս փորձագետը կարծում է, որ մշակված մեխանիզմները հիմնականում ուղղված են անճշտությունների և խախտումների բացառմանը: Գրանցման էլեկտրոնային համակարգը, նրա կարծիքով, կբացառի կրկնաքվերակությունը, տեսանկարահանումն ու ուղիղ հեռարձակումը կնպաստեն ընտրական գործընթացի նկատմամբ անվստահության նվազմանը:
«Ընտրությունը քոնն է» կազմակերպության ղեկավար Հարություն Համբարձումյանը համաձայն է ռուս փորձագետների հետո, որ դրական փոփոխություններ կան, բայց նաև կարծում է, որ ԸՕ-ում շատ են բարդ ու խճճված կարգավորումները:
«Իմ կարծիքով չարժեր, որ Ընտրական օրենսգրքում տեղ գտնեին երկրաչափական հավասարումներ, ընդ որում՝ ոչ թե մեկ կամ մի քանի հատ, այլ բազմաթիվ»:
Ռուս փորձագետին հարցը ոչ միայն չզարմացրեց, այլև խիստ տեղին թվաց: Ասաց, որ ինքն էլ քիչ ժամանակ չի ծախսել օրենսգրքին ամբողջությամբ ծանոթանալու համար:
«Վերջին 15 տարիներին չեմ հիշում այլ տեքստ, որը կարդացած լինեմ մի քանի անգամ ու այդքան խորասուզված: Խոստովանում եմ՝ հեշտ չի եղել»:
Ընդհանուր առմամբ փորձագետը կարծում է, որ շարքային քաղաքացու համար կարգավորումներն իսկապես բարդ են ու հասկանալու համար տեքստին մանրամասն ծանոթանալ է պետք: Իսկ որպես մասնագետ բացատրում է, որ իրավունքի ոլորտում գերակայող երկու մոդել կա՝ պայմանական անվանումներով ֆրանսիական և գերմանական:
Իրավունքի ֆրանսիական մոդելի համաձայն՝ օրենքների հարցում աշխատում է «որքան պարզ, այնքան լավ» բանաձևը: Գերմանական մոտեցումը բոլորովին այլ է՝ տեքստն ուղղված է ոչ թե շարքային, այլ որակավորված մասնագետին, ուստի պետք է խիստ մանրամասն ու հանգամանորեն շարադրված լինի: Այս մոդելի առավելությունն, ըստ Կարցովի, տարընթերցումները, լայն մեկնաբանությունները բացառելն է:
«Մանրամասն, հանգամանորեն շարադրված Ընտրական օրեսնգրքի առավելությունն այն է, որ կրճատվում է ենթաօրսնդրական կարգավորման առարկա հարցերի շրջանակը, հետևաբար՝ ավելի քիչ տեղ է թողնվում օրենքը կիրառողներին հայեցողական որոշումների համար»:
Ապրիլի 2-ի ընտրությունների ընթացքին հետևելու համար հավատարմագրվել է 6 տեղական կազմակերպություն: Դիտորդների թիվը հազարից ավելին է ու դեռ վերջնական չէ, քանի որ հավատարմագրումը շարունակվում է: Ենթադրվում է, որ կարճաժամկետ ու երակարաժամկետ առաքելությամբ Հայաստանում կլինեն նաև մեծաթիվ դիտորդներ միջազգային կառույցներից: ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչներն իրենց մասնակցությունը հաստատում են, բայց վերջնական ճշգրտումներ դեռ չեն անում:




