

Մարտի 5-ին մեկնարկում է խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Ուղիղ 26 օր նախընտրական պայքարի մասնակից 9 քաղաքական ուժերը կփորձեն բացատրել, թե ինչու պետք է նախապատվությունը հենց իրենց տրվի: Կբացատրեն տարբեր ձևերով՝ օգտագործելով հնարավոր բոլոր միջոցներն ու եղանակները: Ընտրողի համար ծանր, իսկ քաղաքական ուժերի համար վճռորոշ այս ամիսն անցենու է որոշակի կանոններով , որոնք սահմանվել են Ընտրական օրենսգրքով: Ինչ սահմանափակումներ ունեն ընտրությունների մասնակից քաղաքական ուժերը, ինչ կանոնների մեջ պետք է տեղավորեն իրենց քարոզչությունը: «Ընտրությունների իրազեկում» շարքում այսօր կխոսենք քարոզարշավի կանոնների, նաև այն մասին, թե արդյոք օրենսդրության խախտում չէ մինչև քարոզարշավի մեկնարկը քարոզչական պաստառների տեղադրումը: Դրանք արդեն կարելի է տեսնել Երևանի փողոցներում:
Ընտրապայքարի մասնակիցները առանց շատերիս ցանկությունը հաշվի առնելու` մեզ հետ կլինեն առաջիկա 26 օրերին: Մեզ կուղեկցեն տարբեր ձևերով՝ իրենց կարգախոսներով, քարոզչական պաստառներով, բակերում ու հրապարակներում հանդիպումներով, հեռուստատեսային ու ռադիոելույթներով: Գործողությունների այս տեսանելի մասը կկոչվի քարոզարշավ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահն ասում է ՝ լիարժեք քարոզարշավի համար ընտրությունների մասնակից ուժերը բոլոր հնարավորություններն ունեն:«Այն բոլոր որոշումները, որոնք անհրաժեշտ են քարոզարշավի անցկացման համար, ընդունված են»:
Ըստ ընտրական օրենսգրքի՝ ընտրություններից առաջ քաղաքական ուժերը պետք է կարողանանան քարոզչություն իրականացնել, պետք է ունենան հանրային ռեսուրսներից օգտվելու հավասար հնարավորություններ և ֆինանսական թափանցիկություն ապահովեն:
Քարոզչության իրականացման ձևերը տարբեր են՝ նախընտրական հանդիպումներ, հանրահավաքներ, գովազդային վահանակներ ու պաստառներ, հեռուստա ու ռադիոելույթներ:
Նախ ՝ գովազդային վահանակների մասին : Չնայած նախընտրական քարոզչությունը պաշտոնապես մեկնարկում է մարտի 5-ին, բայց Երևանում արդեն նախընտրական պաստառներ կան ու նաև տրամաբանական հարց՝ արդյոք դրանց տեղադրումը մինչև քարոզարշավի մեկնարկը ընտրական օրենսդրության խախտում չէ: Ոչ ՝ վստահեցնում է Տիգրան Մուկուչյանը:
«Ավելին, ընտրություններին մասնակցող որոշ քաղաքական ուժեր շատ ավելի վաղ էին սկսել իրենց քարոզչական պաստառները փակցնել 5 քառակուսի մետրը չգերազանցող մակերեսով վահանակների վրա: Փետրվարի 28-ին ԿԸՀ որոշմամբ` կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների միջև բաշխվել է հինգ քառակուսի մետրը գերազանցող արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ փակցնելու իրավունքը, և որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կուսակցություններն ու դաշինքներն ազատ կարող էին օգտվել իրենց այդ իրավունքից: Ընտրական օրենսգրքի կանոնակարգումների համաձայն` նախընտրական քարոզչության ժամանակահատվածի սահմանված լինելը չի սահմանափակում օրենքով չարգելված այլ ժամանակահատվածում քարոզչության իրականացումը»:
Պաստառներ փակցնելը, Մուկուչյանի խոսքով, քարոզչության միայն մեկ բաղադրիչն է: Իսկ այս օրերին` մինչև նախընտրական քարոզչության մեկնարկը, գրանցված կուսակցություններն ու դաշինքներն ազատորեն իրականացրել են քարոզչություն տարբեր ձևերով՝ ասուլիսներ, նախընտրական ծրագրերի հրապարակում և որևէ հարց չի ծագել` արդյոք դա նախընտրական քարոզչության կանոնների խախտում է, թե ոչ:
«Եթե նախընտրական միջոցառումները թույլատրեի են, ուրեմն ճիշտ նույն կերպ թույլատրելի է վահանակների տեղադրումը: Երկուսն էլ քարոզչական բնույթ ունեն, պարզապես տարբեր ձևաչափեր են»:
Քարոզչության մեկնարկից արդեն ԿԸՀ-ն այլ բան կվերահսկի՝ որքանով են պահպանվում այն կանոնները, որոնցով բաշխվել են այդ վահանակները: Դրանք տնօրինող կազմակերպությունները վահանակների ցանկ են առանձնացրել, կուսակցությունները հայտեր են ներկայացրել: ԿԸՀ-նէլ համապատասխան որոշումներ է կայացրել: Ի դեպ, Հայաստանի ողջ տարածքում հատկացվել է 735 վահանակ, որոնց կեսը՝ 366-ը, Երևանում: 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով գովազդային վահանակներում քարոզչապաստառների ամսական վարձավճարը տատանվում է 100.000-ից մինչև 350.000 դրամի սահմաններում: Ամենաթանկ գները սահմանված են Երևանի վերգետնյա 3 հետիոտնային անցումներին ամրացված էլեկտրոնային վահանակների համար՝ 338.400 դրամ: Դրանք պատկանում են «Ալեքս հոլդինգ» ՍՊԸ-ին:
«Վահանակների համար ամենաշտ հայտերը ստացվել են Ելք դաշինքից, ամենաքիչը՝ Կոմունիստական կուսկացությունից»:
Քարոզչության մյուս մեծ հնարավորությունը հեռուստա ու ռադիոեթերն է: Ընտրական օրենսգրքի համաձայն՝ ընտրությունների մասնակից ուժեն ունեն հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության եթերաժամերից անվճար եւ վճարովի (այդ թվում՝ ուղիղ եթերով) օգտվելու իրավունք: Հեռուստատեսության եթերաժամից անվճար կարող են օգտվել ոչ ավելի, քան 60 րոպե, իսկ հանրային ռադիոյի եթերաժամից՝ ոչ ավելի, քան 120 րոպե:
Բացի դրանից ՝ քաղաքական գովազդ պատրաստ է եթեր հեռարձակել 28 հանրապետական և մարզային հեռուստաընկերություն, ինչպես նաև` 8 ռադիոընկերություն: Սա նախորդ ընտրությունների նույն ցուցանիշը գերազանցող թիվ է:
Ի դեպ, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն՝ «Շանթ» և «Արմենիա» հեռուստաընկերությունները սահմանել են ամենաբարձր ՝ 100.000 դրամ/րոպե սակագինը: Ամենացածր սակագինը «Ռադիո Շիրակ»-ի սահմանածն է՝ 600 դրամ 1 րոպեի համար:
Եվ մի հավելում էլ՝ ընտրությունների մասնակիցները նախընտրական քարոզչությունը կարող են իրականցնել միայն նախընտրական հիմնադրամի միջոցներից: Հիմնադրամի ծավալը չի կարող գերազանցել 500 մլն դրամի սահմանը:




