

Նա նշել է, որ Հայաստանում իրեն լավ է զգում, խնդիրներ չկան, իսկ Ադրբեջանից ամեն օր սպառնալիքներ է ստանում, ինչպես ինքն է ձեւակերպել, «քնից արթնանալուց մինչեւ քնելը»: Սպառնալիքներն, ի դեպ, հնչում են նույնիսկ խորհրդարանից: Պատգամավորներ են եղել, ովքեր առաջարկել են մահապատիժն ընդունել եւ Միրզոեւին մահապատժի ենթարկել: «Եվ նրանք այդ կերպ ցանկանում են ղարաբաղյան խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով»,- լրագրողների հետ զրույցում ասել է Շահին Միրզոեւը: Նա նաեւ պատասխանել է «Ռադիոլուրի» հարցերին: Զրույցն սկսել ենք հարցեից, թե արդյոք նա երբեւէ եղել է Հայաստանում.
-Ոչ, առաջին անգամ եմ:
-Ձեր բարեկամներից եւ հարազատներից Ադրբեջանում մնացե՞լ են:
-Այո, բարեկամներ ունեմ այնտեղ, հիմա շատ ծանր վիճակում են: Նրանք ենթարկվում են տարբեր տեսակի վիրավորանքների եւ այլն, եւ այլն:
-Իսկ հնարավո՞ր է, որ նրանք էլ տեղափոխվեն այստեղ:
— Գիտեք, ես չեմ կարող ասել՝ նրանք կկարողանան գալ այստեղ, թե ոչ: Բայց վերջերս մի երիտասարդ թալիշ նույնպես սպառնում էր իշխանություններին, որ կտեղափոխվի Հայաստան: Բայց ի՞նչ ստացվեց: Նրան նստացրեցին սեղանի մոտ եւ դեմը դրեցին ոչ թե Ադրբեջանի, այլ Թուրքիայի ազգային դրոշը եւ այս միջոցով սոցիալական ցանցերում նրան ծաղրեցին, թե թալիշը նստած է թուրքական դրոշի տակ: Սա լուրջ վիրավորանք էր եւ այսպես են նաեւ ծաղրում եւ վիրավորում թալիշներին:
-Այս պահին արդեն հնարավորություն ունեք համեմատելու Հայաստանի եւ Ադրբեջանի հասարակական կարծիքները: Ի՞նչ եք կարծում՝ այս պահի դրությամբ շարքային մարդիկ պատրա՞ստ են ղարաբաղյան հարցի շուրջ երկխոսության:
-Տվյալ պահի դրությամբ տեսականորեն կարելի է ասել, որ պատրաստ են: Բայց կարծում եմ, այդ երկխոսությունը եւ ժողովուրդների մերձեցումը հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ Իլհամ Ալիեւի ռեժիմին վերջ դրվի: Հասկանալի է, որ իշխանությունը պահելու համար Ալիեւն ամեն ինչ անում է, որպեսզի հակամարտությունը եւ թշնամությունը շարունակվի:
-Ցանկալի էր իմանալ Ադրբեջանում ազգային փոքրամասնություններ համարվող ազգերը ձուլվե՞լ են, թե դեռ պահպանում են ինքնորոշվելու գաղափարներն ու ծրագրերը:
-Ես կարող եմ ասել թաթերի մասին, որ նրանք որեւէ տեղ այլեւս չեն երեւում: Մյուս ազգությունները նույնպես ձուլվում են: Նույնիսկ ակտիվությունից է երեւում: Օրինակ՝ Սադվալի վերացումից հետո կարելի է ասել, որ որեւէ տեղ չեն երեւում նաեւ մեր եղբայր լեզգինները: Մեր՝ թալիշների մոտ դեռ որոշակի հակադրություն կա, մենք դեռ պայքարում ենք ազատության եւ անկախության համար:




