
«Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի որդուն մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ իրեն առևանգելու և ապօրինի ազատությունից զրկելու վերաբերյալ տուժողի հաղորդման մեջ մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ քաղաքացի Ն.Բերբերյանից փետրվարի 17-ին գրավոր հաղորդում է ստացվել առ այն, որ փետրվարի 16-ին իր ընկեր Հ.Սիրադարյանը և նրա հորաքրոջ որդին` Ա.Օսկանյանը, առևանգել են իրեն, իր կամքին հակառակ պահել ավտոմեքենայի մեջ և պահանջել վերադարձնել պարտքը՝ հնչեցնելով առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ։
Նախնական քննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ որոշում է կայացվել Հ.Սիրադարյանին և Ա.Օսկանյանին մեղադրանք առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասով, քննիչի որոշմամբ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։




