

Էջմիածնի Մեր տան հասարակական կազմակերպության աղջիկները ներգրավված են ամերիկյան մենթորական ծրագրի աշխատանքներին, որտեղ նրանք աշխատանքում և կյանքում մեծ հաջողություններ ունեցող կանանցից սովորում են կյանքի հմտություններ: Մարգարիտան ու Նելլին իրենց մենթորների՝ դաստիարակների, հետ մասնակցել են տարբեր գործնական հանդիպումներին, տիրապետել՝ կազմակերպչական գործառույթին:
Մարգարիտա Գիրգորյանը Էջմիածնի «Մեր տան» աղջիկներից է, ավարտել է մայր բուհը, հասարակական ակտիվ կյանքով է ապրում, մասնակցում տարբեր ծրագրերի: Մասնագիտությամբ՝ մշակութաբան է, որն ավելի է օգնում իր հայացքների դրական փոփոխությանը, աշխարհընկալմանը: Մարգարիտան ավելի քան 14 տարի ապրել է Վանաձորի մանկատանը, իսկ 3.5 տարի՝ Մեր տանը: Այստեղ են ապրում նաև նրա 2 քույրերը: Նրանք իրենց միայնակ չեն զգում, ապրում են, ստեղծագործում, վարպետանում ձեռագործության մեջ, ձեռք բերում կյանքի հմտություններ: Մենթոր և մենթի , օտարահունչ նոր տերմիններ են, ասել է թե դաստիարակ և սան, ամերիկյան այս ծրագրի մասնակիցներից են նաև Մեր տան աղջիկները: Ծրագրի ղեկավար կանանց և երիտասարդների զարգացման և աջակցման կենտրոնի նախագահ Հասմիկ Սահակյանը տեղեկացրեց, որ ծրագրում ներգրավված է 62 երիտասարդ աղջիկ և 60 մենթոր:
Մենթորը պատրաստ է փոխանցել իր գիտելիքներն ու հմտությունները, մենթին՝ ստանալ, իսկ այս ամենը ոչ ֆորմալ կրթության շրջանակներում, այլ մարդկանց հետ շփումների միջոցով: Մարգարիտայի մենթորը՝ դաստիարակը մանկավարժական համալսարանի հատուկ կրթության ֆակուլտետի դեկան Արմենուհի Ավագյանն է: Նրանք միասին արդեն որոշակի փուլ են անցել:
Մարգարիտան մեկ ամսով կամավոր աշխատել է Կոշի վերականգնողական կենտրոնում: Գտնվելով կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների շրջանում Մարգարիտայի համար մի նոր աշխարհ է բացվել, Տպավորությունները մեծ են:
«Ինձ համար մի նոր աշխարհ էր դա, որտեղ ես երբեք չէի եղել, ես շատ բան սովորեցի և տվեցի»:
Մարգարիտան հետևել է նաև մանկավարժական համալսարանում կազմակերպված կոնֆերանսի նախապատրաստական աշխատանքներին, ձեռք բերել՝ կազմակերպչկան հմտություններ: Հետևել է նաև գործնական հանդիպումների մասնակիցների հանդերձանքին:
«Ինձ համար կարևոր է նաև հանդերձանքը, պահվածքը, ժեստերը առօրյայում, աշխատանքում, հանդիպումների ընթացքում, տոնական երեկույթներին»:
Կինը աշխատանքում, գործնական համդիպումներում, կինը տանը, խոհանոցում: Արմենուհի Ավագյանը առաջիկայում նոր նախաձեռնություն ունի, նախատեսել է, որ իր մենթին մի ամբողջ օր անցկացնի իր հետ և հասկանա, որ կնոջ աշխատանքային օրը չի ավարտվում աշխատավայրում, դեռ շարունակություն ունի տանը:
Մեր տան բնակիչ Նելլի Շահնազարյանը հեզաճկուն պարուհի է, սովորում է ԱԻՆ ճգնաժամային կառավարման ակադեմիային քաղաքացիական պաշտպանություն բաժնում: Նրա մենթորը ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանն է: Նելլին մեկ աշխատանքային օր անցկացրել է Դուրյանի հետ, մասնակցել անչափահասների հետ տարվող աշխատանքների քննարկմանը :
Ինչպես Մարգարիտան, այնպես էլ Նելլին ցականում են կյանքում գտնել իրենց ճիշտ տեղը, աշխատել՝ մասնագիտությամբ, ընտանիք կազմել և ձեռք բերած հմտություններով համադրել աշխատանքն ու ընտանիքը:
Նելլի՝ ուզում եմ, որ դառնամ Հայաստանիս համար լավ քաղաքացի, զինվորական, լիարժեք մարդ, լիարժեք մայր և ունենամ համերաշխ ու առողջ ընտանիք:
Մարգարիտա՝ Ես գտնում եմ, որ կնոջ առաքելությունը կայանում է սերնդատվության մեջ: Ինչքան էլ նա հասարակական, սոցիալական մեծ դեր ունենա, այնուամենայնիվ կինը մնում է կին և նրա առաջին առաքելությունը մայր լինելն է:




