

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը երեկ Եվրախորհրդարանում հանդես եկավ մամուլի ասուլիսով և ներկայացրեց Ղարաբաղյան քառօրյա պատերազմի ժամանակ մարդու իրավունքների ոտնահարման վերաբերյալ զեկույցը: Փաստն ինքնին բացառիկ է: Արցախի օմբուդսմենը Ստրասբուրգում խոսում է Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի կանոնավոր ու ծանր խախտումների մասին և եվրոպական բարձր ամբիոնից նշում, որ դրանք համարժեք պատասխաններ են պահանջում: «Ռադիոլուրն» այսօր զրուցել է Ռուբեն Մելիքյանի հետ ու ելույթի արձագանքերի, հնարավոր զարգացումների մասին հարցերի պատասխանները ստանալ Ստրաբուրգից Վիեննա մեկնելու ճանապարհին, հենց օդանավակայանում:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանին Եվրախորհրդարանում ներկայացնում է նույն կառույցի պատվիրակ Ֆրանկ Էնգելը: Նա և Արցախի օմբուդսմենը մամուլի ասուլիս են հրավիրել: Ռուբեն Մելիքյանն ամփոփում է եվրապատվիրակների, քաղաքական խմբերի հետ հանդիպումների արդյունքները: Փաստն ինքնին բացառիկ է, իսկ թեման, որի մասին խոսում է Արցախի օմբուդսմենը, առավել քան կարևոր: Ռուբեն Մելիքյանը ներկայացնում է Ղարաբաղյան քառօրյա պատերազմի ժամանակ մարդու իրավունքների ոտնահարման վերաբերյալ զեկույցը:
«Իմ մանդատը քաղաքական չէ և առնչվում է միայն մարդու իրավունքներին: Ես ներկայացնում եմ զեկույց մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից, ընդ որում՝ մի տարածքում, որը միջազգայնորեն ճանաչված չէ»:
Զեկույցում, որն օմբուդսմենը քննարկել է Եվրախորհրդարանի պատվիրակների հետ, ներկայացվում է ապրիլյան քառօրյայի պատմությունը՝ ադրբեջանական ագրեսիայի, կիրառված ծանր զինատեսակների, զինծառայողների և խաղաղ բնակիչների խոշտանգումների, դիակների պղծման, ինչպես նաև քաղաքացիական օբյեկտների արկակոծման վերաբերյալ մանրամասներով: Դիտարկվում է Ադրբեջանի զինուժի կողմից իրականացված պատերազմական հանցագործության 3 տեսակ՝ կտտանքները, մահապատիժներն ու զոհվածների դիակների պղծումը: Սրանք գործողություններ են, որոնք արգելված են միջազգային մարդասիրական իրավունքով ու համարվում են միջազգային իրավունքի ծանր խախտում: Փաստաթղթի հեղինակներն իրավապաշտպանների ուշադրությունը հրավիրում են այն փաստի վրա, որ այս գործողությունների հիմքում ազգային պատկանելիության խնդիրն է և նշում, որ դրանք պատասխանատվություն են ենթադրում:
Թե ինչպես են ընդունվել այս դիտարկումները, ինչպես են արձագանքել եվրապատվիարկները, փորձեցինք ճշտել Ռուբեն Մելիքյանից: Նա, ի դեպ, մեր հարցրին պատասխանեց Ստրասբուրգից Վիեննա մեկնելու ճանապարհին, հենց օդանավակայանից:
«Եվրապառլամենտում ասուլիսը իսկապես կարևոր իրադարձություն կհամարեի, որովհետև այն ավելի մեծ հնարավորություն է ստեղծում մեր ուղերձները փոխանցելու մեր եվրոպացի գործընկերներին: Եթե ասենք, որ դրանով աշխարհը շուռ է գալու, իհարկե այդպես չի: Ասենք, որ բեկումնային նաշանակություն է ունենալու , այդպես էլ չի: Մենք աշխատում են կաթիլային սկզբունքով, մենք հասնելու ենք հաձողության տևական, նպատակասլաց աշխատանքի շնորհիվ: Սա այդ աշխատանքի մի փոքրիկ երևացող հատվածն է»:
-Ինչ-որ արձագանքներ կան:
-Արձագանքներ կան, դրանք հրապարակելը շատ գայթակղիչ է, բայց նաև վտանգավոր, քանի որ մեր արևելյան հարևաններն ուշի ուշով հետևում են , թե ինչպես կարող են ներազդել գործընթացների վրա»:
Ավելացնեմ, որ ապրիլյան պատերազմի թեման շարունակություն է ստանում նաև մեկ այլ հարթակում: Հայ իրավաբան-իրավապաշտպանների խումբը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել ապրիլյան քառօրյայի ընթացքում ադրբեջանական զինուժի կողմից Արցախի քաղաքացիական բնակչության և զինծառայողների իրավունքների խախտումների առնչությամբ մի խումբ գանգատներ: Դրանք արդեն վարույթ են ընդունվել ու մտել կոմունիկացիայի փուլ, ինչը նշանակում է, որ դրանց մասին ծանուցվել է Ադրբեջանի իշխանություններին և պատասխանների համար ժամկետներ են տրվել:




