
Փետրվարի 21-22-ին Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի հրավերով Մոսկվա կայցելի Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Այդ մասին չորեքշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է ՏԱՍՍ-ը:
Բանակցությունների ընթացքում նախատեսվում է մի շարք արտաքին քաղաքական թեմաների՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի քննարկում:
«Այցը կդառնա հայ-ռուսական հագեցած երկխոսության շարունակությունը՝ ուղղված քաղաքական, առևտրատնտեսական և մարդասիրական ոլորտներում դաշնակցային համագործակցության հետագա զարգացմանը: Բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել մի շարք արտաքին քաղաքական արդի թեմաներ՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: Հատուկ ուշադրություն կհատկացվի ընդհանուր ինտեգրացիոն միությունների և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության խնդրին»,- հայտարարել է Զախարովան:




