

Ինչո՞ւ են թանկացել լիցքավորման քարտերը: «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը, «Ռադիոլուրի» հետ զրույցում անդրադառնալով խնդրին, մի քանի հնարավոր պատճառներ է մատնանշել: Օպերատորը չի ցանկանում միջնորդավճարն իր կողմից վերավաճառողին վճարել և հնարավորություն են տալիս վերավաճառք իրականացնողներին շուկայական գներին համապատասխան գներ սահմանել: Կամ էլ օպերատորն այդ ձևով գնում է նրան, որ հաճախորդն ավելի հաճախ իր գրասենյակ այցելի, որտեղ ևս կա վերալիցքավորման քարտերի վաճառք:
Հեռախոսի լիցքավորման թանկացման մասին քննարկումներն արդեն 2 օր է համացանցում չեն դադարում: Ֆեյսբուքյան օգտատերերն ու քաղաքացիները անհանգստացած են։ Խանութներում թանկացել են հեռախոսների վերալիցքավորման քարտերը: Հայաստանի երեք օպերատորների՝ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի, «Յուքոմ»-ի և «ԲիԼայն»-ի բաժանորդներն արդեն ստիպված են, օրինակ, 1000 դրամանոց քարտ գնելու համար վճարել ոչ թե 1000, այլ 1050 դրամ: Բաժանորդներից գանձվում է միջնորդավճարը:
Իրավախախտո՞ւմ, թե՞ հերթական շահույթի հետապնդում: Մինչ օպերատորներն այս թանկացումը բացատրում են շուկայի ազատականացմամբ, «Իրազեկ և պաշտպանված սպառող» հկ ղեկավար Բաբկեն Պիպոյանը հետևյալ մեկնաբանությունն է տալիս:
«Բիզնեսի ազատականացում և բիզնեսի վայրագացում, սրանք տարբեր բաներ են»:
Բաբկեն Պիպոյանն այս թանկացման մեջ մի քանի հնարավոր պատճառ է տեսնում: Կամ տվյալ օպերատորը չի ցանկանում միջնորդավճարն իր կողմից վերավաճառողին վճարել և հնարավորություն է տալիս վերավաճառք իրականացնողներին շուկայական գներին համապատասխան գներ սահմանել: Կամ էլ՝ տոկոսները նվազեցվել են և վերավաճառողն ինքն էլ իր հերթին է ավելացրել գինը: Հնարավոր է նաև, որ օպերատորն այդ ձևով գնում է նրան, որ հաճախորդն ավելի հաճախ իր գրասենյակ այցելի, որտեղ ևս վաճառում են վերալիցքավորման քարտեր։ Գործող իրավական դաշտի տեսանկյունից այս թանկացումն իհարկե իրավախախտում չէ՝ նկատում է Պիպոյանը:
Փաստորեն՝ ստացվում է, որ օպերատորները ոչ թե մրցակցում են միմյանց հետ, այլ միավորվել են և միասնական ուժերով դուրս են եկել բաժանորդների դեմ:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի խորհրդական Գայանե Սահակյանը «Ռադիոլուրին» հայտանեց, որ բողոքներ չեն ստացել:
Թե որքանով են վերավաճառողների կողմից արվող քայլերը օրենքի սահմաններում, այս հարցի պատասխանը հանձնաժողովը կտա արդեն ուսումնասիրությունից հետո:




